Տպել
18.11.2021
Գեւորգ Պապոյանը նոր կարգավորումներ է առաջարկում «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում
1 / 11

Օրենսդիր մարմինը նոյեմբերի 18-ին առաջին ընթերցումով քննարկել է ԱԺ պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած ««Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Առաջարկվում է նախագծում լրացնել «ընթացիկ եզրակացություն» եւ դրա հետ փոխկապակցված «հաշվեքննության արձանագրություն» տերմինները: Հաշվեքննությանը քաղաքացիական ծառայողների հետ համատեղ պալատի որոշմամբ կարող են մասնակցել նաեւ քաղաքացիական աշխատանք կատարող անձինք, որոնք եւս պետք է լիարժեք ներգրավված լինեն հաշվեքննության գործընթացին: Այդ նպատակով առաջարկվում է հաշվեքննող դիտարկել նաեւ փորձագետներին եւ մասնագետներին: Առաջարկվում է վերացնել պալատի այն պարտավորությունը, համաձայն որի յուրաքանչյուր եռամսյակի առաջին երեք աշխատանքային օրվա ընթացքում պալատը պետք է Ազգային ժողով ներկայացնի այդ եռամսյակի ընթացքում Ազգային ժողով ներկայացվելիք ընթացիկ եզրակացությունների ցանկը:

Նախագծի մշակման ընթացքում հաշվի են առնվել Հաշվեքննիչ պալատի, SIGMA Եվրոպական միության եւ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (OECD) համատեղ նախաձեռնության դիտարկումները, ինչպես նաեւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ,Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարանե ծրագրի փորձագետների կողմից իրականացված վերլուծության արդյունքները:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Հարակից զեկույցում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը եւս բարձրաձայնել է Կառավարության դրական դիրքորոշման մասին: