ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 10-ի նիստում քննարկվել է ««Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ըստ հիմնական զեկուցող, օրենսդրական նախաձեռնության համահեղինակ Նարեկ Զեյնալյանի՝ անհրաժեշտություն է առաջացել խմբագրել եւ լրացնել գործող օրենքի 31.2-րդ հոդվածը:
Գործող օրենքը նախատեսում է բացառություններ, որոնցով հնարավորություն է տրվում ՀՀ արդարադատության, առողջապահության բնագավառի պետական կառավարման մարմիններին եւ ոստիկանությանը թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի օգտագործմամբ փորձաքննություններն իրականացնել առանց լիցենզիայի: Նարեկ Զեյնալյանն առաջարկել է այս ցանկում ներառել նաեւ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը:
Հարակից զեկուցող ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը նշել է, որ Առողջապահության նախարարութունը մի շարք քննարկումներ իրականացնելով եզրահանգել է, որ անհրաժեշտություն է առաջացել ոչ թե մեծացնել, այլ կրճատել բացառությունների ցանկը: Գործադիրն առաջարկել է բացառություն տալ միայն ոստիկանությանը, իսկ մնացած բոլոր կազմակերպությունները կարող են լիցենզավորմամբ ծավալել համապատասխան գործունեություն:
Նարեկ Զեյնալյանի դիտարկմամբ առկա են որոշակի անհամապատասխանություններ:
Լրամշակելու նպատակով նախագծի քվեարկությունը հետաձգվել է մինչեւ 2 ամիս ժամկետով: