ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 10-ին հրավիրած նիստում քննարկել է ««Օդանավ շահագործողի պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը սահմանելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշել է, որ օրինագծով սահմանվում են Հայաստանի Հանրապետության եւ oտարերկրյա օդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը՝ նրանց գործունեության հետեւանքով դեպի Հայաստան, Հայաստանից դուրս կամ Հանրապետության տարածքում իրականացվող փոխադրումների դեպքերում երրորդ անձանց, ուղեւորներին, ուղեբեռին կամ բեռին պատճառված հնարավոր վնասները փոխհատուցելու համար:
Նախագծի ընդունման արդյունքում օդանավ շահագործողի պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը կլինեն համահունչ Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության կողմից սահմանված սահմանաչափերին:
Օրենսդրական նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն: