Տպել
28.10.2021
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է «Զանգվածային լրատվության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները
1 / 11

Հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի, Վահագն Հովակիմյանի, Թագուհի Ղազարյանի եւ Սարգիս Խանդանյանի հեղինակած ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ինչպես նաեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ու Քաղաքացիական օրենսգրքերում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ փոփոխություններ նախաձեռնելը պայմանավորված է օրենքի ժամանակավրեպությամբ: «2003 թվականին գրված «Զանգվածային լրատվության մասին» օրենքը, ըստ էության, այսօր չի արտացոլում ամբողջ մեդիադաշտին վերաբերող կարգավորումներն ու չի լուծում բոլոր խնդիրները: Ըստ էության, առաջացել են նոր մեդիահարթակներ: Դրանք սոցիալական ցանցերում են, դոմեյնների, կայքերի տեսքով են, որոնք տարատեսակ  տեղեկատվություններ են տարածում: Դրանք չունեն նույնականացման տվյալներ, որոնցով տեղեկատվություն սպառողը կամ պետությունը կկարողանա նույնականացնել այդ տեղեկատվության աղբյուրները եւ կարգավորումներ իրականացնել: Որոշ լրատվամիջոցներ, «Զանգվածային լրատվության մասին» օրենքի համաձայն լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպություններ, վերցնում են տարատեսակ տեղեկատվություններ, հղում են անում այդ չնույնականացված աղբյուրներին եւ «Զանգվածային լրատվության մասին» օրենքով ազատվում պատասխանատվությունից»,-նշել է Արթուր Հովհաննիսյանը:

Հեղինակներն  առաջարկում են  օրենքում ավելացնել նոր հասկացություն՝ «չնույնականացված աղբյուրներ», ինչը նշանակում է, որ հնարավոր չէ պարզել այդ աղբյուրները տնօրինողին եւ ստեղծողին:  Առաջարկվում է լրատվամիջոցների համար պատասխանատվություն սահմանել  չնույնականացված աղբյուրներին հղում կատարելու դեպքում:

Նախատեսվում  է փոփոխել նաեւ   ֆինանսավորման աղբյուրների թափանցիկության մասին  հոդվածը:

Հաշվետվությունը ժամանակին չներկայացնելու կամ օրենքով արգելված աղբյուրներին հղում կատարելու դեպքում առաջարկվում է լրատվական գործունեություն իրականացնողին տուգանել  սահմանված նվազագույն աշխատավարձի երեքից-հինգհարյուրապատիկի չափով: Պետական կառույցներում չեն կարող հավատարմագրվել համացանցում գործունեություն իրականացնող այն լրատվամիջոցները, որոնք սահմանված ժամկետում չեն ներկայացնի ֆինանսական հաշվետվությունն ու նույնականացման տվյալները:

ՀՀ արդարադատության փոխնախարար Արմեն Հովհաննիսյանը ներկայացրել է Կառավարության դրական կարծիքը:

Փաթեթի վերաբերյալ դրական էր  նաեւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը: Այն ներկայացրել է հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը:


25.04.2024
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

25.04.2024
ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը հանդիպել է ֆրանսիացի գործընկերների հետ
ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներն ապրիլի 25-ին հանդիպել են Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի ղեկավարած պատվիրակության անդամների հետ: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Հ...

25.04.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի անցկացման ժամանակացույց
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա ապրիլի 25-ին` ժամը 14:00-ին, 314 սրահում: Ապրիլի 26-ին՝ ժամը 11:00-ին, 214 դահլիճում տեղի կունենա Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 25-ին՝ ժամ...