Տպել
28.10.2021
Պատգամավորները քննարկել են էներգետիկայի ոլորտի կանոնակարգմանն ուղղված փոփոխությունները
1 / 10

Խորհրդարանը հոկտեմբերի 28-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Էներգետիկայի բնագավառում եւ էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» ու «Էներգետիկայի մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունները:

Ըստ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի` փոփոխությունների արդյունքում կապահովվեն ոլորտի ընթացիկ կանոնակարգումը եւ վերահսկողությունը: Նշվել է, որ ներկայում էներգետիկայի բնագավառում առկա են այնպիսի տեխնիկական կանոնակարգեր, որոնք համաձայն «Տեխկանոնակարգման մասին» օրենքի եւ «ԵԱՏՄ մասին» պայմանագրի դրույթների եւ բովանդակության` առաջիկայում չեն կարող գործել: «Այժմ մեկնարկել է որոշ իրավական ակտերի տեխնիկական կանոնակարգման դաշտից դուրս բերման գործընթաց, եւ նախնական մշակման փուլում են գտնվում այն իրավական ակտերը, որոնք փոխարինելու են տեխնիկական կանոնակարգերին»,- ընդգծել է Արթուր Ասոյանը: Նրա խոսքով` փաթեթի երկրորդ նախագծով առաջարկվում է տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներից զատ շահագործման կանոններ եւ պահանջներ սահմանել նաեւ այլ նորմատիվ իրավական ակտերով:

«Էներգետիկայի բնագավառում եւ էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» օրենքում նախատեսվող փոփոխություններով էլ գործադիրն առաջարկում է սահմանել իրավական հիմքեր, որոնք հնարավորություն կտան տեխնիկական կանոնարգերով սահմանված պահանջներից եւ պայմաններից զատ վերահսկողություն իրականացնել նաեւ նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված պայմանների եւ պահանջների նկատմամբ:

Զեկուցողի տեղեկացմամբ` փոփոխությունների ընդունումից հետո կվերանայվեն եւ նորմատիվ իրավական այլ ակտերով կսահմանվեն մի շարք տեխնիկական կանոնակարգեր` մասնավորապես էլեկտրական ցանցերի անվտանգության գոտիների, մայրուղային գազատարներում անվտանգության պահանջների, էլեկտրակայանների եւ ցանցերի շահագործման վերաբերյալ:

Գլխադասային` ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Ցիրունյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: