Տպել
28.10.2021
Խորհրդարանը քննարկել է տեղական ինքնակառավարման համակարգը կարգավորող օրենսդրական նախաձեռնություններ
1 / 12

Ազգային ժողովը հոկտեմբերի 28-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը:

Երկրորդ ընթերցմամբ խորհրդարանն ընդունել է Կառավարության հեղինակած ««Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, իսկ «Դատարաններում գործերի` օրենքով սահմանված բաշխման կարգի խախտմամբ, ինչպես նաեւ Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խոչընդոտող փաստերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» օրենքի նախագիծը չի ընդունվել:

Այնուհետեւ շարունակվել է Կառավարության հեղինակած ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են քաղաքային իշխանության գործառույթներին, ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման կամ դրանց հետագա ճակատագիրը տնօրինելուն:

Հարակից զեկուցող, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյանի խոսքով՝ առաջարկվող փոփոխություններն ավելի շատ իրավական կարգավորման իմաստ ունեն եւ միտված են լուծելու Երեւանի բազմաթիվ խնդիրները: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին:

Եզրափակիչ ելույթում Վաչե Տերտերյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ քննարկում ծավալելու համար՝ կոչ անելով կողմ քվեարկել նախագծին:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել նաեւ ««Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Զեկուցողի դիտարկմամբ՝ առաջարկվող փոփոխություններով կկարգավորվեն Հայաստանի ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների, ինչպես նաեւ համայնքային ենթակայության կազմակերպությունների անվանակոչման եւ անվանափոխման համալիր իրավահարաբերությունները, տեղական ինքնակառավարման ինստիտուցիոնալ համակարգը: Կվերացվեն նաեւ համայնքային աշխարհագրական օբյեկտների եւ կազմակերպությունների անվանակոչումների եւ անվանափոխումների վերաբերյալ գործող օրենսդրական սահմանափակումները, համայնքների տեղական ինքնակառավարման մարմիններին կտրվեն լրացուցիչ գործիքակազմեր եւ հնարավորություններ:

Զեկուցողը պարզաբանել է նախագծերի փաթեթների դրույթներում առկա՝ պատգամավորներին հետաքրքրող հարցերը:

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյանի դիտարկմամբ՝ կառավարման համակարգի փոփոխություններին հաջորդում են օրինաչափ օրենսդրական համարժեք փոփոխություններ: Հարակից զեկուցողը, ներկայացնելով գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը, նշել է, որ առաջարկվող օրենսդրական նախաձեռնությունը համընթաց է ժամանակին: