Տպել
27.10.2021
Քննարկվել է ընդդիմության առաջարկած ԱԺ որոշման նախագիծը
1 / 21

Հոկտեմբերի 27-ի ԱԺ նիստում խորհրդարանը քննարկել է ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների առաջարկած «Դատարաններում գործերի` օրենքով սահմանված բաշխման կարգի խախտմամբ, ինչպես նաեւ Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խոչընդոտող փաստերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:

Նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը նշել է, որ քննիչ հանձնաժողովն ուսումնասիրելու է դատարաններում գործերի` օրենքով սահմանված բաշխման կարգի խախտման դեպքերը: Զեկուցողի խոսքով` Դատական օրենսգրքում սահմանված է, որ եթե համակարգչային ծրագիրը խափանվում է, ապա Բարձրագույն դատական խորհուրդը քննարկում է պատճառները եւ դրանց վերացման ուղղությամբ դատական դեպարտամենտին տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ: «Դատական դեպարտամենտը պետական մարմին է, որի նկատմամբ վերահսկողություն կարող է իրականացնել Ազգային ժողովը»,-ընդգծել է Արամ Վարդեւանյանը: Հանձնաժողովի գործունեության նպատակներից է ԱԺ վերահսկողական գործառույթի իրականացումը:

Քննիչ հանձնաժողովի ուսումնասիրության առարկան են լինելու նաեւ Արդարադատության նախարարի` 2020 թվականի նոյեմբերի 1-ից հարուցած կարգապահական վարույթները եւ դրանց հարուցման տրամաբանությունը:

Նախագծով քննիչ հանձնաժողովը կունենա 10 անդամ:

ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Արծվիկ Մինասյանը: Խմբակցության քարտուղարի խոսքով` օրենսդիր մարմինը պետք է ապահովի իր ընդունած օրենքների ճշգրիտ իրականացումը: Հանրությունը պետք է իրազեկվի` արդյո՞ք խախտվել է արդար դատաքննության իրավունքը, եւ դատարանները գործու՞մ են օրենքի ոգուն համապատասխան, թե՞ ոչ:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ է ունեցել Վլադիմիր Վարդանյանը: Նա նշել է, որ հարգելով ընդդիմության` սահմանադրական լիազորություններն իրացնելու իրավունքը, կարծում է, որ օրենքը չի կարելի խախտել: Ըստ Վլադիմիր Վարդանյանի` խորհրդարանը չի կարող իր վրա վերցնել արդարադատություն իրականացնող մարմնի գործառույթները: «Մենք համարում ենք, որ այս գործընթացը հակասահմանադրական է եւ որեւիցե եղանակով հիմնավորված չէ: Մենք չենք մասնակցելու այս գործընթացին»,-նշել է պատգամավորը: