Տպել
26.10.2021
Ազգային ժողովը քննարկել է քննիչ հանձնաժողովի անդամների թվի սահմանմանը վերաբերող ԱԺ որոշման նախագիծը
1 / 25

Խորհրդարանը հոկտեմբերի 26-ի հերթական նիստերի ընթացքում քննարկել է  ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների  կողմից առաջարկված  ««Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:

Հիմնական զեկուցող Հայկ Մամիջանյանը հայտնել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին օրերից «Հայաստան» հիմնադրամը նախաձեռնել էր «Մենք ենք, մեր սահմանները» անվանմամբ դրամահավաք, որի արդյունքում հավաքագրված գումարներից 52 մլրդ դրամ հետագայում փոխանցվել է ՀՀ պետական բյուջե: «Կարծիք կա հանրության շրջանում, թե այդ գումարն օգտագործվել է ոչ արդյունավետ»,-ասել է նա՝ հավելելով, որ քննիչ հանձնաժողովի նպատակն այդ հարցի քննարկումն ու կատարվածի վրա լույս սփռելն է:

Օրենքի պահանջով ստեղծված քննիչ հանձնաժողովը կունենա 11 անդամ:

Հարցի քննարկումը կշարունակվի ԱԺ հոկտեմբերի 27-ի նիստում:

Խորհրդարանը փակ նիստում քննարկել է ««Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը եւ սահմանազատման խնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում անցկացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծը: 

Վերջին նիստում «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ ԱԺ պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով: