Տպել
26.10.2021
Կառավարությունն առաջարկում է կրճատել քաղաքացիություն ստանալու դիմումների քննարկման ժամկետը
1 / 19

Հոկտեմբերի 26-ի ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանի խոսքով`  նախագիծը մշակվել է օրենքի կիրարկման ընթացքում առաջացած գործնական խնդիրները լուծելու, «Ապաքաղաքացիության կրճատման մասին» կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները պատշաճ ապահովելու, ինչպես նաեւ քաղաքացիության հարցերի լուծման ընթացքում վարչարարությունն առավել պարզեցնելու նպատակով:

Առաջարկվում է ՀՀ-ում մշտապես բնակվող ազգությամբ հայերի եւ նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիների համար ՀՀ քաղաքացիության ճանաչման դիմում ներկայացնելու` օրենքով սահմանված ժամկետը երկարաձգել մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 31-ը:

Առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու հնարավորություն է նախատեսվում օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դեսպանություններում եւ հյուպատոսական հիմնարկներում: Հստակեցվում են երեխաների քաղաքացիության դադարեցման հետ կապված  հարաբերությունները, կեղծ փաստաթղթերի կամ կեղծ տվյալների հիման վրա քաղաքացիություն ձեռքբերելու դեպքում քաղաքացիության դադարեցման գործ հարուցելու ընթացակարգը, ինչպես նաեւ քաղաքացիության դադարեցման վերաբերյալ  կարգավորումները: Նախագծով կրճատվում է քաղաքացիություն ստանալու դիմումների քննարկման ժամկետը` 6 ամսվա փոխարեն սահմանելով 90 աշխատանքային օր:

Զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են հայերենին չտիրապետելու հիմքով քաղաքացիությունից զրկելուն, ՀՀ քաղաքացիություն շնորհվելուց հետո հայերենի տիրապետման անհրաժեշտությանը, օտարերկրյա քաղաքացիների համար ՀՀ-ում բնակվելու հնարավորություններին, քաղաքացիությունից հրաժարվելու ընթացակարգերին:

Արա Ֆիդանյանի տեղեկացմամբ` հին նմուշի անձնագիր տրվել է 3 մլն 199 հազարից ավելի անձի, ներկայում ժամկետի մեջ է 2 մլն 386 հազարից ավելի անձնագիր: Նշվել է, որ անհրաժեշտ է բավականին ժամանակ` անցում կատարելու կենսաչափական բնույթի անձնագրերի:

Գլխադասային` ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Արթուր Դավթյանը: Նա կոչ է արել կողմ քվեարկել նախաձեռնությանը:

Քննարկվել է նաեւ ««Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը, որը եւս ներկայացրել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը: Համաձայնագիրը ստորագրվել է 2018 թ. սեպտեմբերի 28-ին, Դուշանբեում: Այն արդեն վավերացրել են Բելառուսը, Ղրղզստանը, Ղազախստանը եւ Ուզբեկստանը: Համաձայնագրի նպատակն է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարում կողմերի իրավապահ մարմինների համագործակցության համար իրավական հիմքեր ստեղծել:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը բարձրաձայնել է պատգամավոր Արմեն Խաչատրյանը:


20.04.2024
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայում էր
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին Եվրամիության հետ հարաբերությունների սերտացման ու տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայում էր: Վիլնյուսում Ալեն Սիմոնյանն ունեցել է մի շարք երկկողմ հանդիպումներ: Քննարկվել են ...