Տպել
26.10.2021
Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը. քննարկվել են «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները
1 / 22

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 26-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը հաստատել է նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, ընդունել է նաեւ «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը եւ սահմանազատման խնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկումը փակ նիստում անցկացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:

«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Արթուր Սարգսյանն ԱԺ նիստում երդվել է:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել  ««ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կրճատել Ամանորի եւ Ծննդյան տոների  համար սահմանված ոչ աշխատանքային օրերը: Ըստ այդմ՝ Ամանորի  եւ Ծննդյան տոները   նշելու համար ոչ աշխատանքային է առաջարկվում սահմանել   դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ը ներառյալ եւ հունվարի 6-ը:

Արփինե Դավոյանը հաջորդիվ հայտնել է, որ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը նախագծի վերաբերյալ դրական է:

Նախագծի վերաբերյալ իրենց տեսակետներն ու նաեւ առաջարկներն են ներկայացրել պատգամավորները: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը խմբակցության կողմից  առաջարկել է որպես ոչ աշխատանքային օրեր սահմանել նաեւ հունվարի 2-ը եւ 7-ը: Նրա խոսքով՝ կարելի է նաեւ անցումային շրջան  ամրագրել, ըստ որի՝ առաջարկվող փոփոխությունները բարձրաստիճան  պետական եւ քաղաքական  պաշտոնյաների համար կարող են անմիջապես գործել, իսկ  հանրության համար՝ աստիճանաբար: Նշենք, որ այս առաջարկը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշ պատգամավորներ համարել են ամբոխավարական:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանն էլ առաջարկել է շաբաթ կամ կիրակի օրերի հետ համընկնող  տոնական օրերի փոխարեն ոչ աշխատանքային հայտարարել  հաջորդող երկուշաբթի օրը:

Նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ պարզ կլինի՝ արդյո՞ք ընդունելի են այս առաջարկները հեղինակի համար, թե՝ ոչ:

Իրենց դիրքորոշումներն են ներկայացրել ԱԺ խմբակցությունները:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանն անդրադարձել է իրենց առաջարկներին եւ հույս հայտնել, որ դրանք կընդունվեն:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության  դիրքորոշումը  ներկայացրել է Խաչատուր Սուքիասյանը: Նա անհրաժեշտ է համարել նախագծի ընդունումը:

Եզրափակիչ ելույթում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կարծիք է հայտնել,  որ հունվարյան 7-օրյա հանգստից հետո տնտեսական աշխուժությունը որոշ  չափով թուլանում է, եւ դժվար է լինում  այն կրկին վերականգնել:

«Այս նախագծի ընդունումը շատ կարեւոր է աշխատանքի նկատմամբ վերաբերմունքն ընդգծելու տեսանկյունից»,-ասել է նա: 


24.04.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ, Սիրելի՛ ժողովուրդ, Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը: 109 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից իրականացվեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների՝ կրելով անմարդկային տառապանքներ եւ անդ...

24.04.2024
Հարգանքի տուրք` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները եւ պաշտոնատար այլ անձինք ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության...