Տպել
21.10.2021
Հայ խորհրդարանականները հանդիպել են Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նորանշանակ հատուկ ներկայացուցչի հետ
1 / 11

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, հանձնաժողովի անդամներ Գուրգեն Արսենյանը, Սարգիս Խանդանյանը, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանը եւ պատվիրակության անդամներ Արուսյակ Ջուլհակյանը, Աննա Գրիգորյանը հոկտեմբերի 21-ին հանդիպել են Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիզի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Գագիկ Հովհաննիսյանը:

Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը, հետպատերազմյան իրավիճակին, տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաեւ միջազգային խաղաղարար ուժերի կազմում հայկական զորամիավորումների մասնակցությանը վերաբերող հարցեր:

Ողջունելով հյուրերին` Էդուարդ Աղաջանյանը շնորհավորել է Խավիեր Կոլոմինա Պիրիզին պատասխանատու պաշտոնում ընտրվելու առթիվ: Հանձնաժողովի նախագահն արդյունավետ է գնահատել Հայաստան-ՆԱՏՕ տարբեր ձեւաչափերով համագործակցությունը եւ ընդգծել, որ կողմերի միջեւ ավելի է ընդլայնվել առկա քաղաքական երկխոսությունը:

Անդրանիկ Քոչարյանը կարեւորել է համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերը, որոնք նպաստում են փոխգործակցության խորացմանը:

Հայ խորհրդարանականները մտահոգություն են հայտնել Արցախյան երկրորդ պատերազմում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից Սիրիայից պատերազմական գործողությունների վայր ահաբեկիչների տեղափոխմանն աջակցելու վերաբերյալ: Նշվել է, որ ահաբեկչական այդ ուժերի գոյության փաստը հաստատել են թե' Ֆրանսիայի նախագահը, թե' Ռուսաստանի անվտանգության դաշնային հատուկ ծառայությունները, եւ թե' Միացյալ Նահանգները: 44-օրյա պատերազմում Թուրքիայի գործուն մասնակցության վերաբերյալ մեր երկրի կողմից ձեռքբերված տեղեկատվությունը Անդրանիկ Քոչարյանը փոխանցել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին:

Խավիեր Պիրիզը նշել է, որ Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան այցի նպատակն է ծանոթանալ տարածաշրջանում առկա իրավիճակին: «Հայաստանը վստահելի եւ արժեքավոր գործընկեր է, եւ մենք պետք է միասին աշխատենք մի շարք ծրագրերի իրականացման շուրջ»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը: Նա շնորհակալություն է հայտնել Կոսովոյում եւ Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող ուժերի կազմում հայկական զորախմբերի մասնակցության համար:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում խաղաղության պահպանմանը: Ըստ Էդուարդ Աղաջանյանի` Հայաստանը պատրաստ է անել գործուն քայլեր տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար, սակայն ադրբեջանական զինված ուժերի ներխուժումը ՀՀ ինքնիշխան տարածք, Ադրբեջանում հայ ռազմագերիների եւ պահվող այլ անձանց առկայությունը չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության վերահաստատմանը: Այս համատեքստում Խավիեր Կոլոմինա Պիրիզը նշել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա խնդիրների կարգավորմանը:

Հանդիպմանը քննարկվել են նաեւ կողմերի միջեւ իրականացվող ծրագրերի ընթացքին, ինչպես նաեւ տարբեր ոլորտներում համագործակցության նոր հնարավորություններին առնչվող հարցեր: 
 


02.05.2024
ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահին
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, Ֆինանսավար...

02.05.2024
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բեն Քարդինին
Մայիսի 1-ին ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը...