National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
21.10.2021
Քննարկում Արցախից բռնի տեղահանվածների խնդիրների առնչությամբ
1 / 12

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 21-ին կազմակերպել էր քննարկում, որը վերաբերում էր  Արցախի Հանրապետությունում բնակվող, Արցախից բռնի տեղահանված եւ Հայաստանում  բնակություն հաստատած քաղաքացիների սոցիալ-տնտեսական, իրավական, կրթական եւ այլ խնդիրներին: Մասնակցում էին պատգամավորներ Արցախի եւ Հայաստանի խորհրդարաններից, անդամներ ՀՀ-ում ԱՀ ներկայացուցչի գրասենյակից, հասարակական կազմակերպություններից:

Քննարկման մասնակիցները ներկայացրել են արցախցիների խնդիրները, խոսել դրանց լուծման իրենց պատկերացումներից:

Հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի խոսքով՝ նպատակը երկու երկրների համար   չափազանց կարեւոր հարցերի քննարկումն է, որոնք անցած մեկ տարվա ընթացքում դեռ չեն լուծվել: «Խոսքը բռնի տեղահանված արցախահայերի մասին է, որոնք կորցրել են իրենց ապրելու միջոցները, կացարանը, եւ մինչ այսօր կան մարդիկ, ովքեր կացարանի խնդիր ունեն: Կան մարդիկ, ովքեր ունեն սոցիալական ամենատարբեր եւ ամենածանր խնդիրներ, մարդիկ էլ կան, որոնք, այո, հաղթահարել են դրանք, եւ բավական լավ պայմաններում են ապրում: Սակայն մեր նպատակն այսօր խնդիրների վերհանումն է, ոչ թե կատարվածի գովերգումը: Կան շատ թերություններ, որոնք վաղուց պետք է լուծված լինեին: Ես ուզում եմ հասկանալ՝ ինչու՞»,-ասել է նա:

ԱՀ խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի դիտարկմամբ էլ, կան խնդիրներ, որոնք առայսօր լուծված չեն, թեեւ դրանց առնչությամբ արվել են առաջարկներ: «Խնդիրները լուծվել են տարերայնորեն, եւ այսօր հասկանալի չէ, թե ովքե՞ր են ցանկանում վերադառնալ Արցախ:  Խնդիրներից  ամենակարեւորն ընտանիքների կարիքների գնահատումն ու խմբավորումն է՝ ըստ առաջնահերթության: Պետք է առաջնորդվել  սոցիալական արդարության սկզբունքով, ինչը չի եղել թե՛ նախկինում, թե՛ հիմա: Պետք է նշել, որ Արցախից մեկ տարի շարունակ ոչ հասցեական, տարերայնորեն իրականացված  սոցիալական ծրագրերը բերեցին հսկայական գումարների վատնման եւ շորթման»,-ասել է նա: Պատգամավորի կարծիքով՝ արտագաղթն Արցախից եւս լրջագույն խնդիր է:

«Վերադարձ դեպի Քաշաթաղ» հկ գործադիր տնօրեն Կարինե Մովսիսյանը, ինչպես նաեւ այլ ելույթ ունեցողներ  անհրաժեշտ են համարել կարգավորել բռնի տեղահանված արցախցիների կարգավիճակի խնդիրը,  լուծել նրանց կացարանների եւ  ֆինանսական աջակցության  հարցը, քանի որ կան մարդիկ, որոնք չեն կարողացել ստանալ  սոցիալական աջակցություն: Ըստ նրա՝ խախտված են տեղահանվածների բոլոր, այդ թվում՝ ապրելու իրավունքը:

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն առաջնահերթ են համարել  Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցի լուծումը, անդրադարձել անվտանգության հետ կապված հարցերին:

«Անհրաժեշտություն կա թեմաներին շատ ավելի խորքային անդրադառնալ, վերլուծություններ անել: Տեսնում ենք, որ խորհրդարանում Արցախի թեման առկա է, բայց այն մեզ  չի բավարարում:  Մեզ համար կարեւոր են  քաղաքական կայունությունն ու որոշակիությունը, որպեսզի  հասկանանք՝ հայկական երկու հանրապետություններն ի՞նչ ուղղությամբ են շարժվում, եւ ի՞նչ օրակարգ ունեն: Անվտանգությունը թիվ մեկ խնդիրն է, բայց, ինչպես տեսնում եք, խաղաղապահներով հանդերձ էլ ունենում ենք պատահարներ, իրադարձություններ, որոնք շատ անհանգստացնող են»,-ասել է   «Հադրութի դեօկուպացիա»  հկ նախագահ Մերի Դավթյանը՝ հավելելով՝ մենք չգիտենք, թե Արցախի ճանաչման խնդիրը ե՞րբ է մտնելու օրակարգ:

Հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը պարզաբանել է, որ առաջիկայում Հայաստանի խորհրդարանում կձեւավորվի  ՀՀ Ազգային ժողովի եւ ԱՀ Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը, իսկ Արցախի կարգավիճակի  վերաբերյալ հարցը ենթադրում է  քաղաքական լայն քննարկումների անցկացում:

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ այսօր Արցախում ամենակարեւոր խնդիրն անվտանգությունն է, Պաշտպանության բանակի վերականգնումն ու արդիականացումը: Ըստ նրա՝ պարզ չէ, թե ի՞նչ իրավիճակ կլինի այնտեղ չորս տարի անց:

Քննարկման ավարտին մասնակիցները կարեւորել են նման հանդիպումների շարունակականությունը, ներկայացրել առաջարկներ, կարեւորել պատասխանատու պաշտոնյաների մասնակցությունը նման քննարկումներին:
  
  
  
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am