Տպել
21.10.2021
Առաջարկվում է հստակեցնել տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված մի շարք լիազորություններ
1 / 5

««Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը քննարկվել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 21-ի հերթական նիստում:

Գործադիրն առաջարկում է համապատասխանեցնել տարբեր օրենսդրական ակտերի միջեւ եղած իրավական հակասությունները, հստակեցնել տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված մի շարք լիազորություններ:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է, որ լրացումներ եւ փոփոխություններ են  նախատեսում կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում:

Մասնավորապես՝ նախագծով առաջարկվում է ավագանուն վերապահել համայնքի ճանապարհային երթեւեկության կազմակերպման սխեման, համայնքի տարեկան աշխատանքային պլանը եւ դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունը հաստատելու լիազորություն: Առաջարկվում է   համայնքի պաշտոնական կայքում տեղադրել համայնքի տարեկան աշխատանքային պլանը, դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունը, ինչպես նաեւ ավագանու նիստի հետ կապված փաստաթղթերն ավագանու անդամներին տրամադրել նաեւ էլեկտրոնային եղանակով: Ըստ օրինագծի՝ արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված կարող են հրավիրվել ավագանու հեռավար  նիստեր:

Փաթեթում  ներառված՝ ««Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է, որպես բացառիկ դեպք սահմանել  նշանավոր անհատի անվամբ մինչեւ վերջինիս մահվան 5 տարին լրանալն անվանակոչում կամ անվանափոխում կատարելը: Այս բացառության համար որպես փոխզսպման մեխանիզմ առաջարկվել է սահմանել նմանատիպ դեպքերում հանրային լսում անցկացնելու եւ անցկացված հանրային լսումների արդյունքները ՏԻՄ-երի համար որպես հիմք ծառայեցնելու օրենսդրական պահանջը:

Քննարկման արդյունքում հանձնաժողովի անդամները կողմ են արտահայտվել լրամշակված օրենսդրական փաթեթին՝ առաջարկելով այն ներառել ԱԺ լիագումար նիստերի օրակարգի նախագծում: