Տպել
20.10.2021
ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները Հռոմում հանդիպել են ԵԽԽՎ-ում Իտալիայի պատվիրակության ղեկավարի հետ
1 / 5

ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի եւ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանի գլխավորությամբ Հռոմում գտնվող հայկական պատվիրակության անդամները նախօրեին հանդիպել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում իտալական պատվիրակության ղեկավար Մարթա Գրանդեի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների ԵԽԽՎ պատվիրակությունների առավել սերտ համագործակցությանն առնչվող հարցեր, հատկապես ընդգծվել է Հայաստանի եւ Իտալիայի` հազարամյակների պատմություն ունեցող ժողովուրդների հարաբերությունների ամրապնդումը խորհրդարանական այդ կարեւոր հարթակում:

Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը պատրաստակամություն է հայտնել տիկին Գրանդեին պարբերաբար տրամադրել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը եւ Թվինինգ ծրագրի հայկական կողմի ղեկավար, փորձագետ  Մարի Մանուկյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ ներկայացուցիչներն Իտալիայի խորհրդարանում են գտնվում «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` ՀԸԳՀ վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» Թվինինգ ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Եվրոպական միության կողմից: