Տպել
14.10.2021
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը մասնակցել է Երեւանի շախմատի միջազգային բաց մրցաշարի մեկնարկին
1 / 35

Հոկտեմբերի 14-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Երեւանի շախմատի միջազգային բաց մրցաշարի մեկնարկին:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին շախմատի Երեւանի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը, Երեւանի փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ-Մելքոմյանը:

«Երեւան օփեն» միջազգային մրցաշարի մասնակիցներին ողջունել է Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը: «Հայաստանի Հանրապետությունը, հանդիսանալով շախմատի միջազգային համայնքի եւ ընտանիքի կարեւորագույն մասնիկը, ուրախ է հյուրընկալել ձեզ Հայաստանի սրտում», - նշել է Մխիթար Հայրապետյանը:

Երեւանի շախմատի ֆեդերացիայի նախագահի խոսքով՝ «Երեւան օփեն»-ի 1-ին եւ 2-րդ մրցաշարերը կայացել են 2016 եւ 2017 թվականներին, երրորդը պետք է կայանար 2020-ի աշնանը, սակայն համավարակով եւ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետեւանքով սանձազերծված պատերազմով պայմանավորված՝ հետաձգվել է: «Սա, իսկապես, տոն է այն շախմատիստների համար, որոնք հնարավորություն կունենան մրցելու ուժեղագույնների հետ»,-ասել է նա:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը կարեւորել է նմանատիպ միջոցառումների անցկացումը: Նա նշել է, որ լավ հնարավորություն է նաեւ իր ղեկավարած հանձնաժողովի համար՝ տվյալ մարզաձեւում ոչ միայն առկա խնդիրներին ծանոթանալու, այլեւ հասկանալու, թե պետության կողմից ֆինանսավորումները հատկապես ո՞ր ուղղություններով  պետք է թիրախավորվեն՝ ընդգծելով, որ առաջիկայում խորհրդարանում քննարկվելու են հաջորդ տարվա բյուջեի հատկացումները: Ըստ նրա՝ մրցաշարը կարեւոր է նաեւ 120 երկրից ժամանած մարզիկներին մեր երկրին եւ մշակույթին ծանոթացնելու տեսանկյունից:

Երեւանի բաց առաջնությունն անցկացվում է երրորդ անգամ: Այն Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ երբեւէ անցկացված ամենամեծ բաց առաջնությունն է: Մրցաշարին մասնակցում է 311 շախմատիստ 14 երկրից: 191-ը Հայաստանից են, 120-ը՝ այլ երկրներից: Մրցաշարին մասնակցում է միջազգային կոչում ունեցող 82 շախմատիստ, որոնցից 22-ը միջազգային գրոսմայստեր են, 25-ը՝ միջազգային վարպետ: Մրցանակային ֆոնդը կազմում է 11 միլիոն դրամ:  Այս տարի մրցաշարը բաղկացած է երկու ենթախմբից: