Տպել
13.10.2021
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի գլխավորած պատվիրակությանը
1 / 9

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը համոզմունք է հայտնել, որ Հնդկաստանի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակության այցը նոր լիցք կհաղորդի երկու երկրների բարեկամական հարաբերություններին: ԱԺ նախագահի խոսքով՝ մեր պետությունը շահագրգիռ է Հնդկաստանի հետ խորացնելու համագործակցությունը տարբեր ոլորտներում: Ալեն Սիմոնյանը վստահեցրել է, որ Հայաստանը պատրաստ է անհրաժեշտ ջանքեր ներդնել իրագործելու համար փոխշահավետ ծրագրեր եւ նախանշել երկկողմ համագործակցության նոր հեռանկարային ուղղություններ:

Օրենսդիր մարմնի ղեկավարի խոսքով՝ երկու երկրների միջեւ հարաբերությունների կարեւոր օղակներից է միջխորհրդարանական համագործակցությունը, որը միշտ բարձր մակարդակի վրա է եղել: Առաջիկայում ձեւավորվելիք Հայաստան-Հնդկաստան բարեկամական խումբը կղեկավարի ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ինչը, ըստ խորհրդարանի ղեկավարի, իր հերթին ընդգծում է հայ-հնդկական բարեկամական հարաբերությունների կարեւորությունը:

Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել Հնդկաստանի անկողմնակալ դիրքորոշումն Արցախյան հիմնախնդրի հարցում, ըստ որի՝ Հնդկաստանը կոչ է արել զերծ մնալ ռազմական գործողություններից, եւ հարցը կարգավորել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում:

Խոսելով տարածաշրջանային անվտանգությունից՝ ԱԺ նախագահը բարձր է գնահատել ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման հետեւանքով ստեղծված իրավիճակի առնչությամբ Հնդկաստանի ԱԳՆ-ի սկզբունքային հայտարարությունը: ՀՀ խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է մեր տարածաշրջանում Պակիստանի որդեգրած ապակառուցողական կեցվածքին: Նա դատապարտել է Պակիստանի խորհրդարանի ղեկավարի այցն Արցախի օկուպացված տարածքներ, մասնավորապես Շուշի:

Կողմերը բարեկամական են որակել հայ-հնդկական հարաբերությունները` վստահություն հայտնելով, որ պատվիրակության այցն առավել կամրապնդի առաջընթացին ու զարգացմանը միտված կապերը: Ըստ Հնդկաստանի ԱԳ նախարարի՝ երկու երկրներն ընդհանուր ժողովրդավարական արժեքների կրող են, իսկ պատմականորեն ձեւավորված երկկողմ հարաբերություններն ամուր են:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը՝ Սուբրամանյամ Ջայշանկարը վերահաստատել է, որ իր երկիրը խնդրի կարգավորումը տեսնում է խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:


 


20.04.2024
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայում էր
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին Եվրամիության հետ հարաբերությունների սերտացման ու տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայում էր: Վիլնյուսում Ալեն Սիմոնյանն ունեցել է մի շարք երկկողմ հանդիպումներ: Քննարկվել են ...