Հոկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունից մասնակցել են խմբակցության անդամներ Թագուհի Թովմասյանն ու Տիգրան Աբրահամյանը:
Վերջինս անդրադարձել է սահմանին տիրող իրավիճակին եւ պատասխանելով այն հարցին, թե այս պահին որքան ադրբեջանցի է գտնվում ՀՀ տարածքում` նշել է: «Ժամանակակից պատերազմների պարագայում նույնիսկ կարեւոր չէ, թե օրինակ Սեւ լճի տարածքում թշնամու մխրճման պատճառով որքան զինծառայող է տեղակայվել: Շատ ավելի մտահոգիչ է, որ օրինակ Արցախի բռնազավթված տարածքներում, որոնք այս պահին շփման գիծ են հանդիսանում, Ադրբեջանի ՊՆ-ն եւ սահմանապահ ծառայությունը բավականին ակտիվ են ինչպես զորքերի տեղակայման, այնպես էլ տարբեր սպառազինությունների տեղակայման համար: Ադրբեջանի սահմանապահ զորքերը համալրված են ավիացիայով, անօդաչու սարքերով, ծանր հրետանիով եւ այլն: Այս իրավիճակում ադրբեջանական զինված ուժերը ունեն տեխնիկայի, սպառազինության խտացված համալրվածություն: Ակնհայտ է, որ հետպատերազմյան իրավիճակում Ադրբեջանը իր խնդիրները լուծելու համար օգտագործելու է ճնշումներ, ուժի սպառնալիք եւ այլն»: