Ազգային ժողովի հոկտեմբերի 5-ի նիստում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի ներկայացմամբ քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագծի հիմնական նպատակը հարկային օրենսգրքով «էլեկտրոնային ծառայություն» հասկացության սահմանման հստակեցումն է, էլեկտրոնային ծառայությունների մատուցման վայրի որոշման կանոնների սահմանումը, ինչպես նաեւ ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհամարվող ֆիզիկական անձին մատուցվող էլեկտրոնային ծառայություններին առնչվող ԱԱՀ հաշվարկելու եւ վճարելու կարգավորումների նախատեսումն է:
Առաջարկվում է ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհամարվող ֆիզիկական անձին մատուցվող էլեկտրոնային ծառայությունների հաշվետու ժամանակաշրջան սահմանել հաշվետու եռամսյակը: Ծառայության մատուցման պահը որոշվում է այդ ծառայության դիմաց վճարում, այդ թվում՝ մասնակի վճարում կատարելու օրը ներառող հաշվետու եռամսյակի վերջին օրը ներառյալ: Նախատեսվում է ԱԱՀ-ի հաշվարկը ներկայացնել մինչեւ յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ: Կառավարության կողմից կսահմանվի հարկային մարմնում հաշվառման եւ ԱԱՀ-ի վճարման պարզեցված ընթացակարգ, որը կվերաբերի ՀՀ տարածքում էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտ հարկ վճարողներին:
Հարակից զեկույցում պատգամավոր Հովիկ Աղազարյանը ներկայացրել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը: