Տպել
05.10.2021
Կառավարությունն ընդլայնում է սոցփաթեթի ծառայությունների շրջանակը
1 / 11

Պետական համակարգից աշխատողների արտահոսքը նվազեցնելուն եւ պետական համակարգում աշխատելու գրավչությունը բարձրացնելուն ուղղված նախաձեռնությունը քննարկվել է հոկտեմբերի 5-ի ԱԺ նիստում:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի խոսքով` առաջին ընթերցմամբ ներկայացված ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությամբ Կառավարությունն ընդլայնում է սոցփաթեթի ծառայությունների շրջանակը եւս երկու ուղղությամբ:

Փոխնախարարի տեղեկացմամբ` նախատեսվում է սոցփաթեթի համար հատկացվող միջոցներն ուղղել նաեւ մարզաառողջարարական եւ սպորտային համալիրների, լողավազանների եւ այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելուն եւ պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի մարմանը:

Նախագծով չի նախատեսվում շահառուների շրջանակի ընդլայնում: Ռուբեն Սարգսյանը պարզաբանել է` փոփոխությունը վերաբերում է պետական, բայց ոչ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց. բարձրաստիճան պաշտոնյաները չեն հանդիսանում սոցփաթեթի շահառուներ:

Գլխադասային` ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը: Նրա խոսքով` նախաձեռնությունը բյուջեի վրա ֆինանսական բեռի ավելացում չի նախատեսում:

Քվեարկության արդյունքում նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

Տեղեկացնենք, որ նախաձեռնության երկրորդ ընթերցմամբ քննարկումը կկազմակերպվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո` 24 ժամվա ընթացքում: