Սիրելի՛ ուսուցիչներ,
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ:
Մեր պետության համար պատմական եւ դժվարին այս ժամանակահատվածում անուրանալի է ձեր եւ ձեր կատարած աշխատանքի դերը մեր ներկայի եւ ապագայի կերտման գործում: Ժամանակակից աշխարհում ուսուցիչները միայն պարզ տվյալներ փոխանցողներ չեն, դուք ձեւավորում եք այն քաղաքացիներին, որոնց երազանքներն ու նպատակները, գիտելիքներն ու հմտություններն են ուղղակիորեն որոշելու, թե ինչպիսի ապագա է ունենալու մեր երկիրը: Ձեզանից յուրաքանչյուրն իր թաղամասում, գյուղում, քաղաքում պետք է լինի իր միջավայրի համար ոգեշնչման աղբյուր, նորարարություն բերող առաջամարտիկ: Դուք եք Հայաստանի երեխաներին եւ պատանիներին պատմում մեր մասին, նրանց հետ քննարկում մեր երկրի ներկան ու վաղվա օրը:
Դուք մեզ պատմում եք մեր մասին: Շնորհակալ ենք: Նախորդ տարվա ընթացքում մեր կրթական համակարգի առջեւ ծառացած դժվարին մարտահրավերները՝ համավարակն ու պատերազմը, դրանց դիմագրավելու ձեր անձնուրաց պատրաստակամությունը, այդ պայմաններում կրթական գործընթացի անընդհատությունը եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ կրթությունը մեր հասարակության համար բոլոր պայմաններում առաջնահերթություն է: Այս ամբողջ ընթացքում ձեր աշխատանքը մեր թիկունքի ամրության կարեւոր գրավականն էր: Կրթությունը միշտ եղել է մեզ համար կարեւորագույն առաջնահերթություններից, որովհետեւ այն մեր անվտանգության, տնտեսության եւ մշակույթի զարգացման առաջնային երաշխավորներից է:
Առաջիկա տարիներին Հայաստանում կառուցվելու եւ հիմնանորոգվելու են 300 դպրոցներ, հանրապետության բոլոր 1400 դպրոցներում ստեղծվելու կամ վերազինվելու են բնագիտական եւ ինժեներական լաբորատորիաները, ներդրվելու են կրթական նոր ծրագրեր, սակայն այս ամենն ապարդյուն կլինի առանց ձեզ, առանց լավ ուսուցիչների, որոնք այդ միջավայրում կրթելու եւ դաստիարակելու են մեր երեխաներին: Եվ ուրեմն՝ մեր ուշադրության կենտրոնում է լինելու նաեւ ձեր աշխատանքային պայմանների, սոցիալական երաշխիքների եւ աշխատավարձի շարունակական բարձրացման հարցը: Այսօր ձեզ բոլորը կմեծարեն, շնորհավորանքները շատ կլինեն, մենք ասում ենք՝ շնորհակալ ենք, սիրելի՛ ուսուցիչ: