Տպել
29.09.2021
Աշակերտները ճանաչողական այցով եղել են Ազգային Ժողովում
1 / 10

Սեպտեմբերի 29-ն առանձնահատուկ  օր էր Երեւանի  Գառնիկ  Ադդարյանի  անվան  թիվ  133 հիմնական  դպրոցի  աշակերտների համար: Դպրոցականներն իրենց  օրը սկսել են ոչ թե դասարանում, այլ ՀՀ Ազգային ժողովում:

«Բաց դռներ» ծրագրի շրջանակում նրանց հետ «Բաց դաս»   է անցկացրել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:

Պատգամավորն աշակերտներին ներկայացրել է իր մասնագիտությունն ընտրելու պատմությունն ու անցած ուղին: Հասմիկ Հակոբյանը հորդորել  է լավ սովորել, որովհետեւ յուրաքանչյուր հաջողության հիմքում լավ կրթությունն է:  Նա կարեւորել է նաեւ ինքնակրթությունը, խորհուրդ է տվել ունենալ նպատակ եւ գնալ դրա ետեւից:

Լսելով պատգամավորի պատմությունը՝ աշակերտները բազմաբնույթ հարցեր են ուղղել նրան:

Օրը լի էր հետաքրքիր հանդիպումներով: Հյուրերին ողջունել է նաեւ  պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը: Աշակերտների հետ զրույցում նա արժեւորել է կրթությունն ու աշխատասիրությունը, համերաշխությունն ու  ընկերասիրությունը, ապա նշել է, որ դրանց օգնությամբ է հնարավոր հասնել հաջողությունների:

Աշակերտներն ու ուսուցիչներն այցելել են ԱԺ գրադարան, ծանոթացել խորհրդարանի շենքի պատմությանը,  Անկախության 30-ամյակին նվիրված ցուցահանդեսում ներկայացված փաստագրությանը:

Բաց դասն ավարտվել է  ԱԺ այցելած Հունաստանի պատվիրակության հետ լուսանկարով: