Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հյուրընկալել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի շրջանակում ճանաչողական այցով Հայաստանում գտնվող մի խումբ սփյուռքահայ երիտասարդների:
Ողջունելով հյուրերին՝ Սիսակ Գաբրիելյանը խոսել է Հայաստան-Սփյուռք կապի եւ ակտիվ համագործակցության կարեւորության մասին:
Հարց ու պատասխանի ձեւաչափում պատգամավորն անդրադարձել է հայրենադարձությանը վերաբերող օրենքի անհրաժեշտությանը: Պատգամավորի խոսքով՝ նախագիծն արդեն հաջորդ տարի կդրվի շրջանառության մեջ:
Երիտասարդներն առաջարկել են ներգաղթը դարձնել մասնագիտական՝ ըստ անհրաժեշտ ոլորտների: Անդրադարձ է կատարվել Սփյուռքի դպրոցներում հայոց լեզվի դասավանդման անհրաժեշտությանը, նշվել է, որ այնտեղ ունեն մասնագետների կարիք: Առաջարկվել է ուսուցիչների թափուր աշխատատեղերի հարցը լուծել պետական մակարդակով:
Սփյուռքահայերը բարձրացրել են ՀՀ խորհրդարանում ներկայացուցիչ ունենալու հարցը` այդ համատեքստում կարեւորելով նաեւ իրենց մասնակցությունն ընտրական գործընթացներին:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը խոստացել է բարձրացված հարցերին անդրադառնալ վերոնշյալ օրենքի նախագծի քննարկման շրջանակներում եւ լուծումներ տալ դրանց: