Տպել
24.09.2021
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է քննարկված օրենսդրական նախաձեռնությունները
1 / 1

Սեպտեմբերի 24-ին խորհրդարանն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ օրենքների նախագծերի փաթեթում կատարվել է երկու փոփոխություն: Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքի կենտրոնը Ջրառատից տեղափոխվել է Գայ բնակավայր, իսկ Նոր Հաճնը կմիավորվի եւս 8 բնակավայրի հետ, կլինեն Նոր Հաճն եւ Եղվարդ խոշորացված համայնքներ:

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի ներկայացմամբ՝ լրամշակված տարբերակը ձեւավորվել է համատեղ աշխատանքների արդյունքում՝ ստանալով դրական եզրակացություն:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է նաեւ ԱԺ պատգամավորներ Վահագն Հովակիմյանի, Վլադիմիր Վարդանյանի հեղինակած «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին»  եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը տեղեկացրել է, որ  առաջինից երկրորդ ընթերցում Կառավարության գործընկերների առաջարկով նախագծերի փաթեթից հանվել է երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակին վերաբերող կարգավորումների հատվածը:

Հարակից զեկուցող ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Դավթյանի ներկայացմամբ՝ հանձնաժողովը նախագծերի փաթեթին տվել է դրական եզրակացություն:

Քվեարկությունների արդյունքում քննարկված օրենսդրական նախաձեռնություններն արժանացել են խորհրդարանի հավանությանը:

Սպառելով օրակարգը՝ Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը: