Տպել
24.09.2021
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» եւ կից այլ օրենքներում փոփոխություններ եւ լրացում նախատեսող օրենսդրական փաթեթը
1 / 20

Սեպտեմբերի 24-ին գումարված արտահերթ նիստում խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահագն Հովակիմյանի եւ Վլադիմիր Վարդանյանի հեղինակած «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» եւ կից այլ օրենքներում փոփոխություններ եւ լրացում նախատեսող օրենսդրական փաթեթը:

Հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը տեղեկացրել է, որ նախաձեռնությունը քննարկվել եւ պատրաստվել է Հակակոռուպցիոն կոմիտեի եւ Արդարադատության նախարարության գործընկերների հետ: Առաջարկվում է կոմիտեում 20 ինքնավար թափուր պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնող անձանց քանակն ավելացնել եւս 10-ով, ինչը կնպաստի կոմիտեի ձեւավորման սկզբնական շրջանում կոռուպցիոն հանցագործությունների քննությունների արդյունավետությանը:

Նախաձեռնության վերաբերյալ Կառավարության դրական դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը: Նրա տեղեկացմամբ՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջինից երկրորդ ընթերցում փաթեթից հանել եւ այլ ձեւաչափով քննարկել երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակին վերաբերող կարգավորումների հատվածը:

Տեղի ունեցած քվեարկության արդյունքում օրինագծերի փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ: