Տպել
24.09.2021
Խորհրդարանը գումարել է արտահերթ նիստ
1 / 16

Սեպտեմբերի 24-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարվել է արտահերթ նիստ:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրել է ԱԺ որոշման նախագիծը, ըստ որի` առաջարկվում է օրակարգում ընդգրկված «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին»  եւ կից այլ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնության երկրորդ ընթերցմամբ քննարկումն իրականացնել հատուկ ընթացակարգով` առաջին ընթերցմամբ դրա ընդունումից հետո` 24 ժամվա ընթացքում:

Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է արտահերթ նիստի օրակարգային հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին ԱԺ որոշման նախագիծը:

Գնել Սանոսյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ««ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Զեկուցողի խոսքով` գոյություն ունեցող վարչատարածքային բաժանումը հաճախ լրջագույն խոչընդոտներ է ստեղծում համայնքների զարգացման համար եւ դրանք առավել ակնառու են երեք հազարից քիչ բնակչություն ունեցող համայնքների պարագայում: «Ուսումնասիրությունները ցույց են տալիս` երբ համայնքի բնակչությունը քիչ է, համայնքն ի զորու չէ իրականացնել մի շարք ծառայություններ»,- ընդգծել է Գնել Սանոսյանը: Նախաձեռնության վերաբերյալ կազմակերպվել են քննարկումներ, անցկացվել խորհրդարանական լսումներ:

Նախարարի տեղեկացմամբ` առաջարկվում է Հայաստանի 441 համայնք միավորել 37 համայնքային միավորումների մեջ: Խոշորացման նպատակն է բարձրացնել կառավարման արդյունավետությունը, միատեղել եղած կարողությունները եւ հմտությունները` դրանով նպաստելով համայնքների զարգացմանը, եւ ունենալ ապակենտրոնացում: Նոր ձեւավորվող համայնքներին աջակցելու հարցում նախարարը կարեւորել է մարզպետարանների դերը:

Հարակից զեկուցմամբ հանդես է եկել ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը: Նա նշել է, որ գործադիրի հետ համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր է եղել խորհրդարան ներկայացնել այնպիսի նախաձեռնություն, որը տարաձայնությունների տեղիք գրեթե չի տալիս: Նախաձեռնությունը քննարկվել է հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն: 
 
Քվեարկության արդյունքում նախաձեռնությունն ընդունվել է առաջին ընթերցմամբ: