Տպել
23.09.2021
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը
1 / 14

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը  սեպտեմբերի 23-ին ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցեցին նաեւ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ,   ԱԺ աշխատակազմի ղեկավար կազմը:

Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը բարձր գնահատեց Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի բազմոլորտ, արդյունավետ գործունեությունը: ՀՀ ԱԺ նախագահը  կարեւորեց համատեղ ծրագրերի շարունակականությունը եւ զարգացման հեռանկարները:

Շոմբի Շարփը շնորհավորեց  Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ՝ ընդգծելով մեր երկրի վերջին խորհրդարանական ընտրությունների անցկացման ժողովրդավարության բարձր մակարդակը: Այս համատեքստում նա շեշտեց խորհրդարանի դերը՝ որպես ժողովրդի խոսափողի:

ՄԱԿ-ի մշտական համակարգողը շնորհավորեց խորհրդարանականներին 2021 թվականի ՄԱԿ-ի միջգերատեսչական աշխատանքային խմբի (ՄԱԿ-ի ՄԳԱԽ) մրցանակակիր դառնալու առթիվ: Մրցանակը վերաբերում է Ազգային ժողովի կողմից  ծխախոտի վերահսկմանն առնչվող օրենքի ընդունմանը:

Խոսելով Հայաստանում ՄԱԿ-ի առաքելությունից` Շոմբի Շարփը վերահաստատեց  խորհրդարանի կարողությունների հզորացմանը եւ խորհրդարանական շրջանակներում իրականացվող բարեփոխումներին իր կառույցի կողմից տարբեր ձեւաչափերով աջակցության պատրաստակամությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հետագա համագործակցության ճանապարհային քարտեզների  մշակման ժամանակագրությունը: