Տպել
23.09.2021
Համայնքների խոշորացման գործընթացին վերաբերող օրենսդրական առաջարկն ԱԺ մշտական հանձնաժողովում ստացավ դրական եզրակացություն
1 / 8

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 23-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց ««ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց հիմնական փոփոխությունները` նշելով, որ խոշորացման արդյունքում կունենանք 78 համայնք, այդ թվում` Երեւանը: Նախարարի խոսքով` ուսումնասիրվել է համայնքների խոշորացումը, հաշվի են առնվել թե' դրական, թե' բացասական կողմերը, եւ որոշվել է շարունակել սկսած գործընթացը: Տարիների փորձը ցույց է տալիս, որ լրջագույն խնդիրներ են առաջանում համայնքի բնակչության 3000-ից քիչ լինելու դեպքում: Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ խոշորացման նոր տարբերակում համայնքային մեծ փնջեր են նախատեսվում:

Ըստ նախարարի` խոշորացումը կնպաստի, որ սահմանամերձ համայնքները չդատարկվեն եւ հնարավորություն կտա, որ բոլոր երեխաները, անկախ նրանից` մեծ համայնքում են բնակվում, թե փոքր, ունենան այն բոլոր հնարավորությունները, որոնք ունեն իրենց հասակակիցները:

Պատգամավորները համայնքների խոշորացման ռիսկերը բարձրաձայնեցին, խոսեցին որոշ համայնքներում խոշորացման տարբեր մոդելների կիրառման նպատակահարմարության մասին, կարեւորեցին իրականացվող գործընթացի վերաբերյալ բնակչության իրազեկումը:

Նախարարի խոսքով` խոշորացման արդյունքում անվտանգության խնդիրներն ավելի բարձր մակարդակով կլուծվեն: Կարեւորվեց պետության կողմից տրամադրվող դոտացիաների նպատակային օգտագործումը, անդրադարձ եղավ սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը:

Քննարկումների արդյունքում օրենսդրական փաթեթն արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը: