Տպել
17.09.2021
Քննարկվեցին «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրին վերաբերող հարցեր
1 / 7

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը սեպտեմբերի 17-ին հանդիպեց Եվրոպայի խորհրդի բիոէթիկայի բաժնի ղեկավար Լորանս Լվոֆի եւ Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի ղեկավար Մերի Կատվալյանի հետ:

Լորանս Լվոֆի ներկայացմամբ՝ 2020 թվականից Եվրոպայի խորհուրդը Հայաստանի հետ համագործակցում է նաեւ կենսաբժշկության ոլորտում:

Մերի Կատվալյանը ներկայացրեց կատարված աշխատանքները՝ նշելով, որ ծրագրի նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը եվրոպական չափորոշիչների հիմնական սկզբունքների վերաբերյալ, ինչպես նաեւ այդ չափորոշիչների համակարգումն ու ներդրումն առողջապահության օրենսդրության բնագավառում:

Թագուհի Թովմասյանը շնորհակալություն հայտնեց համապարփակ տեղեկատվություն տրամադրելու կապակցությամբ՝ կարեւորելով ծրագրի իրականացումը: Նա անդրադարձավ պարտադիր պատվաստման, ինչպես նաեւ քրեակատարողական հիմնարկներում եւ փակ տարածքներում գտնվող մարդկանց առողջության, իրավունքների խնդիրներին:

Լորանս Լվոֆը նշեց, որ բարձրացված հարցերը Հայաստանին ներհատուկ խնդիրներ չեն, եւ այն պետք է դիտարկել  պատասխանատվության տեսանկյունից: Ըստ նրա՝ Եվրոպայի խորհուրդը ոչ թե որոշակի բանաձեւ է առաջարկում, այլ ամբողջական տեղեկատվություն տրամադրելով` օգնում, որ յուրաքանչյուր երկիր իրեն նպատակահարմար ճանապարհն ընտրի:

Կողմերը մտքեր փոխանակեցին բժշկական գաղտնիքի պահպանմանը, օրգանների փոխպատվաստմանը վերաբերող հարցերի շուրջ:

Առաջիկայում աշխատանքային քննարկումներ կազմակերպելու պայմանավորվածություն ձեռք բերվեց: