Տպել
17.09.2021
Քննարկվեցին աշխատանքային իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր
1 / 6

Սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները  հանդիպում ունեցան «Աշխատանքային իրավունքներ» կոնսորցիումի անդամ հկ-ների՝ «Արմավիրի զարգացման կենտրոն», «Պրիզմա» հետազոտական ընկերություն, «Հանրային լրագրության ակումբ», «Իրավունքի զարգացման կենտրոն»,  ներկայացուցիչների հետ՝ քննարկելու նրանց կողմից իրականացվող «Տվյալահեն քաղաքականությունների  բարելավման գործընթացն աշխատանքային իրավունքների ոլորտում» ծրագիրը: Այն մաս է կազմում «Տվյալներ հաշվետու եւ թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի, որն իրականացվում է մեկ այլ կոնսորցիումի կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման  գործակալության միջոցով: Ինչպես նշեց «Արմավիրի զարգացման կենտրոն» հկ նախագահ Նաիրա Առաքելյանը, ծրագրի նպատակն է գործատու-աշխատող հարաբերությունների  իրավակարգավորման  բարելավումը՝ առավել պաշտպանված դարձնելով  քաղաքացիների աշխատանքային իրավունքները պետական վերահսկողական մեխանիզմներով:

Ծրագրի շրջանակում Հայաստանի մարզերում իրականացվելու են իրազեկման աշխատանքներ եւ հետազոտություններ՝ պարզելու համար, թե որքանո՞վ են պաշտպանված աշխատողների իրավունքները: Ըստ բանախոսի՝ ոլորտում շատ են անելիքները, ուստի անհրաժեշտություն կա  նաեւ իրականացնել օրենսդրական  բարեփոխումներ: Ըստ հկ-ների ներկայացուցիչների՝ ծրագրի շրջանակում սոցհարցումներ են անցկացվելու աշխատողների շրջանում՝ պարզելու, թե որքանով են պաշտպանված նրանց աշխատանքային իրավունքները: Կոնսորցիումն աշխատանքի ավարտին պատրաստելու է զեկույց, որը կներկայացվի նաեւ խորհրդարանական հանձնաժողովի:

Ծրագրի շրջանակում Կոնսորցիումի անդամները համագործակցում են Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի, ինչպես նաեւ արհմիությունների եւ Գործատուների միության հետ:

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ  Ավագյանն անդրադարձավ ոլորտի խնդիրներին՝ նշելով, որ անհրաժեշտ է հասնել այնպիսի կարգավորման, որ Հայաստանում կնքվող աշխատանքային պայմանագրերը լինեն էլեկտրոնային եւ դրանք րոպեների ընթացքում հասանելի լինեն տեսչական մարմնին: Ուստի  անհրաժեշտ է կատարել օրենսդրական փոփոխություններ: Որպես այդ աշխատաոճի լավագույն փորձ նշվեց հարկային մարմիններին էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացումը:

Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը հանձնաժողովի անունից պատրաստակամություն հայտնեց աջակցել այն բոլոր ծրագրերին, որոնք ուղղված կլինեն օրենսդրության կատարելագործմանն ու քաղաքացիների  աշխատանքային իրավունքների պաշտպանությանը:

Պատգամավորները բարձրացրին նաեւ սեզոնային եւ   այլ ժամանակավոր աշխատանքներ կատարող քաղաքացիների աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցերը՝ կարեւորելով դրանց կարգավորումը:

Քննարկման մասնակիցներն անդրադարձան ոլորտում առկա խնդիրներին, անհրաժեշտ համարեցին դրանց լուծմանն ուղղված քայլերի իրականացումը: Որոշվեց նաեւ, որ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը պարբերաբար հանձնաժողովին կներկայացնի վիճակագրություն, որում ամփոփված կլինեն աշխատանքային իրավունքների խախտման վերաբերյալ տվյալները: