Տպել
17.09.2021
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուին
1 / 8

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գեւորգ Պապոյանի նախագահությամբ սեպտեմբերի 17-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկեց ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած Արտակ Մանուկյանի թեկնածության եւ Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը:

Թեկնածուի կենսագրական տվյալները ներկայացրեց մշտական հանձնաժողովի նախագահը: Նշվեց, որ Արտակ Մանուկյանը 2019-2021 թթ. եղել է ԱԺ յոթերորդ գումարման «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր: 21 օրենսդրական նախաձեռնության հեղինակ եւ համահեղինակ է եղել: Գեւորգ Պապոյանը շեշտադրեց թեկնածուի գիտական եւ մասնագիտական փորձառությունը:

Արտակ Մանուկյանը շնորհակալություն հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն իր թեկնածությունն առաջադրելու համար: Նա վստահեցրեց, որ մասնագիտական կարողությունները կներդնի ՀՀ ԿԲ-ի ռազմավարության մշակման գործում:

Քննարկման եւ քվեարկության արդյունքում հանձնաժողովականները դրական եզրակացություն ներկայացրին Արտակ Մանուկյանի թեկնածությանը:

Մշտական հանձնաժողովը նաեւ քննարկեց եւ ի գիտություն ընդունեց ԱԺ բյուջետային գրասենյակի հաշվետվությունը՝ 2021 թվականի երկրորդ եռամսյակում կատարած աշխատանքների վերաբերյալ: Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանի հավաստմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում  Բյուջետային գրասենյակը ստացել է 16 հարցում, որից 5-ը պատգամավորական, 2-ը խմբակցություններից եւ 9-ը մշտական հանձնաժողովներից: Ընդհանուր առմամբ, առաջին կիսամյակի ընթացքում ստացվել է 60 հարցում: Ստացված հարցումների հիման վրա պատրաստվել եւ ՀՀ Ազգային ժողովի նախագահին ու նրա տեղակալներին, բոլոր մշտական հանձնաժողովներին ու  խմբակցություններին, ինչպես նաեւ պատգամավորներիn է տրամադրվել 153 տեսակի տեղեկանք:

Պատգամավորները նաեւ հաստատեցին քաղաքացիների ընդունելության 2021-2022 թվականների տարեկան ժամանակացույցը: