Տպել
14.09.2021
Էդուարդ Աղաջանյանը հանդիպեց ԵՄ հատուկ ներկայացուցչի գլխավորած պատվիրակության հետ
1 / 8

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը սեպտեմբերի 14-ին հանդիպեց Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակության հետ:

Հանդիպմանը ներկա էին նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Ողջունելով հյուրերին` Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵՄ-ի հետ համագործակցությունը: Հանձնաժողովի նախագահն ընդգծեց պատերազմի ընթացքում եւ դրանից հետո խաղաղության գործընթացի վերականգնման հարցում ԵՄ-ի ջանքերը:

Անդրադարձ կատարվեց տարածաշրջանում խաղաղության պահպանմանը: Էդուարդ Աղաջանյանի խոսքով` Հայաստանը պատրաստ է անել գործուն քայլեր տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար, սակայն ադրբեջանական զինված ուժերի ներխուժումը ՀՀ ինքնիշխան տարածք, Ադրբեջանում հայ ռազմագերիների եւ պահվող այլ անձանց առկայությունը չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության վերահաստատմանը: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահը կարեւորեց եվրոպացի գործընկերների դերակատարությունը, մասնավորապես ճնշում գործադրելը Ադրբեջանի վրա` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո վերադառնալու բանակցությունների գործընթացին:

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը նշեց, որ ԵՄ-ն ցանկանում է նպաստել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:

Կողմերը քննարկեցին նաեւ ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր: