ՀՀ Ազգային ժողովը սեպտեմբերի 14-ի հերթական նիստում քննարկեց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրության մասին հարցը: Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, ներկայացնելով թեկնածուներին, նշեց, որ ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Հովսեփ Բեդեւյանի, Հրաչ Այվազյանի եւ Լիանա Հակոբյանի թեկնածությունները:
Բանախոսն ընդգծեց, որ ԲԴԽ-ն ներկայացրել է վարչական դատավարության մասնագիտացում ունեցող թեկնածուների: Այնուհետեւ նա ներկայացրեց Հրաչ Այվազյանի կենսագրությունը:
Գագիկ Ջհանգիրյանը պատասխանեց ընդդիմադիր պատգամավորների հարցերին, որոնք առնչվում էին իր նախկին եւ ներկա աշխատանքային գործունեությանը:
Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի թեկնածու Հրաչ Այվազյանն իր խոսքում շնորհավորեց հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքում ձեւավորված Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին՝ մաղթելով բեղմնավոր օրենսդրական գործունեություն: Անդրադառնալով դատավարական համակարգին՝ նա շեշտադրեց դատավորի անկախ գործունեության կարեւորությունը: Նշվեց, որ անհրաժեշտ է վերանայել դատարանների ծանրաբեռնվածության հարցը, համամասնորեն համալրել դատավորների թվաքանակը: Կարեւորվեց համակարգում էլեկտրոնային գործիքակազմի կատարելագործումը: Բանախոսն անդրադարձավ նաեւ բնագավառի խնդիրներին, մատնանշեց դրանց լուծման ուղիները:
Թեկնածուն պատասխանեց պատգամավորների հարցերին: