Տպել
14.09.2021
Խորհրդարանը շարունակեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկումը
1 / 20

Սեպտեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց հերթական նիստերի աշխատանքը՝ քննարկելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը կարեւորեց հակակոռուպցիոն քաղաքականության ինստիտուտներից մեկի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեությունը: Ըստ նրա՝ միջազգային փորձը վկայում է, որ  կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարում կենտրոնական դերակատարում պետք է ունենա քաղաքական ընդդիմությունը՝ որպես զսպող օղակ:

Եզրափակիչ ելույթում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու Մարիամ Գալստյանը շնորհակալություն հայտնեց ծավալված հետաքրքիր, բովանդակային եւ շահագրգիռ քննարկման համար: Անդրադառնալով Արծվիկ Մինասյանի մտահոգությանը, որ խորհրդում գերիշխում է իշխանական թեւը՝  թեկնածուն նշեց, որ իր կարծիքով՝ հավասարակշռված մոտեցում է ցուցաբերված: Հակակոռուպցիոն մտածելակերպի ձեւավորման վերաբերյալ Մարիամ Գալստյանը նշեց, որ յուրաքանչյուրն իր կենսակերպով կարող է փոխել իրականությունը:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Ութերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության կարգը եւ վայրը: