Տպել
13.09.2021
Խորհրդարանը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը
1 / 19

Ազգային ժողովը սեպտեմբերի 13-ի հերթական նիստում քննարկեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի համաձայն  ձեւավորված  մրցութային խորհրդի անդամ Հերիքնազ Տիգրանյանը տեղեկացրեց, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել է Մարիամ Գալստյանի թեկնածությունը: 2021 թվականի հունիսի 22-ին Խորհուրդն այդ թափուր տեղի համար  հայտարարել է մրցույթ,  երկու հավակնորդներից   մրցութային խորհուրդը սեպտեմբերի 3-ին կայացած նիստում  հաղթող է ճանաչել Մարիամ Գալստյանին:

Հերիքնազ Տիգրանյանը ներկայացրեց թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային ուղին: Թեկնածուն մասնագիտությամբ իրավաբան է, անկուսակցական, նրա աշխատանքային հարուստ գործունեությունը հիմնականում առնչվել է հակակոռուպցիոն ռազմավարությունների մշակմանն ու իրականացմանը:  Մարիամ Գալստյանը նաեւ դասախոսում է:

Մարիամ Գալստյանը շնորհակալություն հայտնեց մրցութային խորհրդին իր թեկնածությունն առաջադրելու համար, ապա ներկայացրեց կոռուպցիայի դեմ արդյունավետ  պայքարի իր տեսլականը:  Ըստ նրա՝ այս հարցում հաջողություն ունենալու համար չափազանց կարեւոր  գործոններ են քաղաքական կամքի առկայությունն ու   քաղաքացիների մտածելակերպի փոփոխությունը: Թեկնածուն  հակիրճ անդրադարձավ ոլորտում արձանագրված հաջողություններին, ընդգծեց նաեւ, որ վերջին  տարիներին դրական առումով փոփոխվել է  քաղաքացիների մտածելակերպը՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին: «Կոռուպցիայի դեմ պայքարում փոխզիջումներն անթույլատրելի են, եւ արդյունավետ համագործակցության միջոցով հակակոռուպցիոն մարմինները պետք է դրսեւորեն վճռականություն՝ կոռուպցիան արմատախիլ անելու հարցում»,-ամփոփելով խոսքը՝  նշեց Մարիամ Գալստյանը:

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն իր ելույթում անդրադարձավ կոռուպցիայի դեմ պայքարի կարեւորությանն ու այս հարցում հանրության գիտելիքների ավելացման անհրաժեշտությանը, ինչը, ըստ նրա, կարող է կանխարգելել կոռուպցիոն երեւույթները: ԱԺ փոխնախագահի դիտարկմամբ՝ անհրաժեշտ է ստեղծել նոր հարթակներ, որոնցում  կձեւավորվեն կոռուպցիան մերժող քաղաքացիներ:

Հարցի քննարկումը կշարունակվի սեպտեմբերի 14-ին: 


24.04.2024
Հարգանքի տուրք` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները եւ պաշտոնատար այլ անձինք ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության...