Տպել
13.09.2021
Ուկրաինացի խորհրդարանականները հյուրընկալվեցին Ազգային ժողովում
1 / 11

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը սեպտեմբերի 13-ին հանդիպեց Ուկրաինայի խորհրդարանի պատգամավորներ Արտյոմ Դմիտրուկի եւ Դարյա Վոլոդինայի հետ:

Հանդիպմանը ներկա էին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը եւ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

Ողջունելով հյուրերի այցը մեր երկիր՝ Էդուարդ Աղաջանյանն ընդգծեց հայ-ուկրաինական բարեկամական հարաբերությունների կարեւորությունը` անհրաժեշտ համարելով միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացումը եւ խորացումը, երկկողմ շփումները: Հանձնաժողովի նախագահը վստահություն հայտնեց, որ հայ-ուկրաինական բարեկամական խմբի վերջնական ձեւավորումից հետո երկու խորհրդարանների շփումներն ու փոխգործակցությունն առավել կխորանան եւ կամրապնդվեն:

Անդրադարձ կատարվեց երկկողմ առեւտրատնտեսական կապերի սերտացման հեռանկարներին: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահը կարծիք հայտնեց, որ ոլորտում կա չօգտագործված մեծ ներուժ եւ անհրաժեշտ համարեց հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացումը:

Երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում զրուցակիցները բարձր գնահատեցին Ուկրաինայում հայերի միության եւ հայ համայնքի դերակատարությունը: Համատեղ համագործակցության օրակարգի առաջմղման հարցում կարեւոր համարվեց կոնկրետ գործնական քայլերի իրականացումը: