Տպել
13.09.2021
ԱԺ խմբակցությունների տեսակետները ԿԸՀ գործունեության մասին հաղորդման քննարկման ընթացքում
1 / 15

Սեպտեմբերի 13-ի ԱԺ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդման քննարկման ընթացքում տեսակետներ ներկայացրեցին ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անունից ելույթում Հայկ Մամիջանյանն անդրադարձավ պատգամավորների ելույթներին: Նա խոսեց համակարգի դեմ պայքարի եւ արդյունքների, 44-օրյա պատերազմի հետեւանքների, կեղծված ընտրությունների մասին:

ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթում Արամ Վարդեւանյանն անդրադարձավ 1996-ից մինչեւ 2018 թվականը կեղծված եւ 2021 թվականի հունիսի 20-ին անցկացված արտահերթ ընտրություններին:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ ունեցավ Վլադիմիր Վարդանյանը: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր ընտրություն ունի եւ՛ առանձնահատկություններ, եւ՛ թերություններ, իսկ Կառավարության ծրագրում նշված է, որ շարունակական եղանակով փորձ է արվելու բարելավել ընտրական օրենսդրությունը: Խոսելով ընտրությունների լեգիտիմության մասին՝ Վլադիմիր Վարդանյանն արձանագրեց, որ Հայաստանի պատմության մեջ ընտրությունների արդյունքների նկատմամբ մինչեւ 2008 թվականը դրսեւորվել է երկու մոտեցում՝ բողոք, որը հանդիպում էր օրվա իշխանության չափազանց բիրտ պատասխանին, այնուհետեւ՝ համատարած ապատիա, իսկ 2018-ից հետո՝ զարթոնք: ՀՀ քաղաքացին կատարել է իր ընտրությունը, նա այլեւս թմբիրի մեջ չէ, նա գիտի, որ երկրի ճակատագիրը պայմանավորված է իր քվեով, իսկ մենք պարտավոր ենք հարգել յուրաքանչյուր քվե:

Եզրափակիչ ելույթում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ելնելով քաղաքական զսպվածության սկզբունքից, ձեռնպահ մնաց պատասխանել հնչած որոշ քաղաքական գնահատականներին: Անդրադառնալով մինչեւ քարոզարշավի մեկնարկը տարբեր պաստառների ի հայտ գալուն եւ հետընտրական շրջանում դրանց չհեռացնելու փաստերին՝ ԿԸՀ նախագահը նշեց, որ պատրաստ է քննարկել եւ գտնել գործուն մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան լուծել այդ հարցերը: