Տպել
13.09.2021
Խորհրդարանը քննարկեց ՀՀ ԿԸՀ-ի գործունեության մասին հաղորդումը
1 / 18

Սեպտեմբերի 13-ին խորհրդարանը քննարկեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդումը: Հիմնական զեկուցող ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց ՀՀ ԱԺ 2021-ի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների վերաբերյալ հաղորդումը:

ԿԸՀ նախագահի դիտարկմամբ՝ համապետական արտահերթ ընտրություններն էականորեն տարբերվում էին հերթական ընտրություններից: Առաջին անգամ էր, որ համավարակի պայմաններում պետք է իրականացվեին ընտրություններ:

Քվեարկության օրը հանձնաժողովում կազմակերպվել է ընտրական գործընթացը լուսաբանող շուրջօրյա բրիֆինգ, որի նպատակն էր իրականացնել գործընթացի լիակատար թափանցիկություն եւ լուսաբանման ապահովում:

Տիգրան Մուկուչյանի ներկայացմամբ՝ 1779 ընտրական տեղամասեր են այցելել 8411 տեղական եւ միջազգային դիտորդներ եւ 1819 զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Հանձնաժողովն ԱԺ 2021թ. հունիսի 20-ի արտահերթ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ ստացել է 4 դիմում: Ներկայացված դիմումները քննարկվել են հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի՝ արդյունքների ամփոփման նիստում: ԱԺ 2021թ. հունիսի 20-ի արտահերթ ընտրության արդյունքների վերաբերյալ ընդունված թիվ 184 Ա որոշումը վիճարկվել է ՀՀ Սահմանադրական դատարանում: 2021թ. հուլիսի 17-ին Սահմանադրական դատարանը ՍԴՕ 16.06 որոշմամբ ԿԸՀ-ի որոշումը թողել է անփոփոխ: