Տպել
08.09.2021
Ալեն Սիմոնյանը հանդիպեց Կորեայի Հանրապետության խորհրդարանի նախագահի հետ
1 / 13

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Վիեննայում ընթացող Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում սեպտեմբերի 8-ին հանդիպեց Կորեայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Պակ Բյոն-Սոկի հետ:

Ընդգծելով, որ Կորեայի Հանրապետությունն ասիական տարածաշրջանում Հայաստանի կարեւոր գործընկերներից է` ՀՀ ԱԺ նախագահը փաստեց, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-կորեական միջխորհրդարանական համագործակցության դերը մեծ է: ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը համոզմունք հայտնեց, որ ՀՀ Ազգային ժողովում Հայաստան-Կորեա բարեկամական խմբի վերաձեւավորումից հետո երկու խորհրդարանների շփումներն ու փոխգործակցությունն առավել կխորանան եւ կամրապնդվեն: ՀՀ խորհրդարանի ղեկավարն ընդգծեց Կորեայի կառավարության կողմից ՀՀ ԱԺ-ին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու փաստը:

Գոհունակությամբ նշվեց, որ Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOICA) կողմից Հայաստանում իրականացվել են տարաբնույթ ծրագրեր: Ալեն Սիմոնյանը կորեացի գործընկերոջը մանրամասն տեղեկատվություն տրամադրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլի մասին: Հանգամանալից ներկայացվեցին նաեւ Ադրբեջանի կողմից պահվող անձանց, այդ թվում` կանանց եւ քաղաքացիական անձանց վերադարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքները:

Կորեայի Հանրապետության խորհրդարանի նախագահն ի պատասխան նշեց` որպես պատերազմներ վերապրած ազգի ներկայացուցիչ` լավ է հասկանում այդ ցավը եւ խնդրեց փոխանցել իր սատարումն ու աջակցությունը զոհվածների եւ ռազմագերիների ընտանիքների անդամներին:

Ալեն Սիմոնյանը նշեց, որ Հայաստանը գնահատում է Կորեայի Հանրապետության դրսեւորած հավասարակշռված եւ չեզոք դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում եւ հուսով է, որ Կորեան կշարունակի աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին` ուղղված հարցի խաղաղ հանգուցալուծմանը:
 


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...