Տպել
08.09.2021
Հանդիպում Սանկտ Պետերբուրգի միջազգային ապրանքահումքային բորսայի փոխնախագահների հետ
1 / 7

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը, հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյանը, Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալեքսեյ Սանդիկովը եւ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանը սեպտեմբերի 8-ին հանդիպեցին Սանկտ Պետերբուրգի միջազգային ապրանքահումքային բորսայի փոխնախագահներ Անտոն Կարպովի, Ալեքսեյ Գերասյուկի եւ Սերգեյ Տրոֆիմենկոյի հետ:

Գեւորգ Պապոյանը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, կարեւորեց հեռանկարային համագործակցության անհրաժեշտությունը` պատրաստակամություն հայտնելով նպաստել այդ ուղղությամբ իրականացվելիք աշխատանքներին:

Անտոն Կարպովը ներկայացրեց ընկերության հիմնադրման եւ գործունեության համառոտ պատմությունը` խոսելով աշխատանքի հիմնական ուղղությունների, համագործակցող երկրների, կազմակերպությունների, ձեռքբերումների, նպատակների եւ խնդիրների մասին:

Ճանաչողական այցի նպատակն է ծանոթանալ նաեւ ՀՀ օրենսդրությանը, քննարկել օրենսդրական անհրաժեշտ փոփոխությունների առաջարկությունները:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակելու հանդիպումներն ու  քննարկումները: