Տպել
07.09.2021
Քննարկվեցին հայ-լիտվական բարեկամական կապերի զարգացմանն առնչվող հարցեր
1 / 4

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը սեպտեմբերի 7-ին հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի եւ փոխդեսպան Վիսմանտե Դայլիդենայտեի հետ: Հանդիպմանը ներկա էր նաեւ ԱԺ պատգամավոր Անուշ Բեղլոյանը:

Ողջունելով դեսպանին՝ հանձնաժողովի նախագահը կարեւորեց երկու երկրների միջեւ բազմակողմ համագործակցությունը եւ ընդգծեց, որ այս տարի լրանում է Հայաստանի եւ Լիտվայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը. «Մենք ցանկանում ենք առավել ընդլայնել եւ խորացնել փոխշահավետ համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»,-համոզմունք հայտնեց Էդուարդ Աղաջանյանը: Նրա խոսքով՝ հայ-լիտվական բարեկամական հարաբերությունները հիմնված են ժողովրդավարական ու եվրոպական արժեհամակարգի վրա:
 
Անդրադառնալով COVID-19-ի դեմ պայքարին՝ հանձնաժողովի նախագահը շնորհակալություն հայտնեց Լիտվային համաճարակի դեմ պայքարում մեր երկրին աջակցելու համար՝ հատկապես հաշվի առնելով տարածաշրջանում հետպատերազմյան իրավիճակը:
 
Հանձնաժողովի նախագահը կարեւորեց Լիտվայի խորհրդարանի` Հայաստանի հետ միջխորհրդարանական խմբի անդամների կոչը՝ արագացնելու հայ ռազմագերիների ու պատանդների վերադարձը Հայաստան:
 
Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, շնորհավորեց Էդուարդ Աղաջանյանին հանձնաժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Նա վերահաստատեց Լիտվայի՝ Հայաստանի հետ հարաբերությունները սերտացնելու ցանկությունը:
 
Զրուցակիցները խոսեցին նաեւ միջխորհրդարանական համագործակցությունից, դեսպանատան հետ համատեղ ծրագրերի իրականացումից:
 
Կողմերը կարեւորեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով տարածաշրջանում լիակատար խաղաղության եւ անվտանգության հաստատման գործընթացի վերսկսման ու համապարփակ հանգուցալուծման անհրաժեշտությունը: