National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.01.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
07.09.2021
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպեց Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դեմետրիուին
1 / 5

Վիեննայում ընթացող Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային գագաթաժողովի շրջանակներում սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպեց Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դեմետրիուին: Անդրադառնալով հայ-կիպրական ամուր բարեկամությանը՝ ԱԺ նախագահն ընդգծեց, որ այն պայմանավորված է դարերի խորքից եկող փոխադարձ հարգանքի, պատմական ընդհանուր անցյալի, հոգեւոր եւ մշակութային արժեքների ընդհանրություններով եւ գրեթե նույն ճակատագրով:

Փաստելով երկու երկրների միջեւ առկա գերազանց միջպետական եւ միջխորհրդարանական համագործակցությունը՝ Ալեն Սիմոնյանը նկատեց, որ Հայաստանի եւ Կիպրոսի օրենսդիր մարմինների միջեւ հարաբերությունները վերջին տարիներին երկկողմ ջանքերի շնորհիվ որակապես նոր՝ առավել գործուն մակարդակի վրա են բարձրացվել: Նա գործընկերոջը վստահեցրեց, որ Հայաստան-Կիպրոս համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի վերաձեւավորումից հետո առավելագույն ջանքեր կուղղվեն՝ ծավալելու դինամիկ եւ արդյունավետ համագործակցություն երկու հանձնաժողովների միջեւ:

ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանը կարեւորում է Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ համագործակցության նախաձեռնությունը, որը բացում է կողմերի միջեւ բազմոլորտ փոխգործակցության ընդլայնման նոր հեռանկարներ ինչպես երկկողմ, այնպես էլ՝ եռակողմ ձեւաչափում: Անդրադառնալով նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ձեւաչափում Կիպրոսի հետ փոխգործակցության առաջնահերթությանը՝ Ալեն Սիմոնյանը կարեւորեց ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք եւ արդյունավետ կիրարկումը: Քննարկմանը կողմերն անդրադարձան Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիային: ԱԺ նախագահը երախտագիտություն հայտնեց բարեկամ Կիպրոսին սկզբունքային դիրքորոշման եւ Արցախի ժողովրդին աջակցության համար՝ մասնավորապես շեշտելով Կիպրոսի կառավարության կողմից ադրբեջանական ագրեսիայից տուժած արցախահայությանը տրամադրվող մարդասիրական օժանդակությունը:

Գործընկերները զրույց ծավալեցին նաեւ Կիպրոսի հիմնահարցի եւ Թուրքիայի կողմից երկխոսությունը խաթարող գործողությունների շուրջ: Այս համատեքստում Ալեն Սիմոնյանը վերահաստատեց Հայաստանի մշտական աջակցության ցուցաբերումը Կիպրոսին միջազգային կազմակերպություններում՝ նշելով բանակցությունների ճանապարհով խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Ազգային ժողովի նախագահը փաստեց, որ Կիպրոսը կարող է ապավինել Հայաստանի անվերապահ աջակցությանը իր պայքարում՝ հանուն եղբայրական Կիպրոսի արդարության վերականգնման, հայրենիքի ազատության եւ վերամիավորման:

Շնորհակալություն հայտնելով բարի խոսքերի համար՝ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահը եւս կարեւորեց երկու երկրների միջեւ ամրապնդված տարիների սերտ կապերը: Նա երախտագիտություն հայտնեց Կիպրոսի խնդրի վերաբերյալ Հայաստանի ցուցաբերած աջակցության համար՝ շեշտելով, որ Թուրքիայի հետ բոլոր խնդիրների լուծումը միայն օրինական ճանապարհով է լինելու:

Նա անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ Կիպրոսի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բանաձեւերին, որոնցում արձանագրված են Ադրբեջանի կողմից տեղի ունեցած խախտումները եւ Թուրքիայի կողմից անընդունելի, անօրինական գործողությունները:
 
Հանդիպման ավարտին կողմերը փաստեցին երկկողմ, եռակողմ, ինչպես նաեւ բազմակողմանի հարաբերությունների կարեւորությունը եւ փոխադարձ այցերի ակտիվացման անհրաժեշտությունը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS