Տպել
07.09.2021
Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպեց Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուչավային
1 / 6

Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 7-ին հանդիպեց Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուչավային:

Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Վրաստանի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացմանը եւ բազմոլորտ համագործակցության խորացմանը՝ հավելելով, որ հայ-վրացական փոխվստահության վրա հիմնված համագործակցությունը կարեւոր գործոն է տարածաշրջանում անվտանգության, խաղաղության, կայուն զարգացման համար: Ալեն Սիմոնյանը գործընկերոջը տեղեկացրեց, որ մեծապես կարեւորում է երկու երկրների օրենսդիր մարմինների սերտ համագործակցությունը եւ շուտով խորհրդարանում կվերաձեւավորվի հայ-վրացական բարեկամական խումբը, ինչը կխթանի հետագա արդյունավետ համագործակցությանը:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին` Ալեն Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց այս գործընթացում Վրաստանի գործադրած բոլոր ջանքերի համար: Վրաց գործընկեր Կախա Կուչավան կրկին շնորհավորեց Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ հիշեցնելով, որ ինքն էլ է Խորհրդարանի նորընտիր նախագահ՝ դա համարելով երկկողմ համագործակցությանը նոր լիցք հաղորդելու լավ հնարավորություն: Վրաստանի խորհրդարանի նախագահը գոհունակությամբ անդրադարձավ նախորդ գումարման ընթացքում երկու խորհրդարաններում բարեկամական խմբերի գործունեությանը եւ առավել արդյունավետ փոխգործակցության համոզմունք հայտնեց:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց ակտիվացնելու պրոֆիլային հանձնաժողովների աշխատանքները: Հանդիպմանը ներկա Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը պատրաստակամություն հայտնեց իր հայ գործընկերոջ հետ փոխգործակցության համատեղ ծրագրեր մշակելու հարցում: Հանդիպմանը երկուստեք ընդգծվեց նաեւ տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն ուղղված մի շարք նախաձեռնությունների իրականացման անհրաժեշտությունը:

Եզրափակելով քննարկումը՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հիշատակեց ռազմավարական նշանակություն ունեցող «Բարեկամություն կամրջի» կառուցումը՝ համոզմունք հայտնելով, որ այն լավագույնս կնպաստի հարեւան պետությունների համագործակցության խորացմանը, առեւտրաշրջանառության, ենթակառուցվածքների եւ զբոսաշրջության զարգացմանը: Նա նշեց, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունների կողմից ֆինանսավորվող այս ծրագիրը կարող է դառնալ հայ-վրացական դարավոր բարեկամության խորհրդանիշներից:
 


29.03.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 29-ի արտահերթ նիստում որոշել է ապրիլի 4-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում հրավիրել խորհրդարանական լսումներ: Կքննարկվի «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները եւ մարտահրավերները» թեման:   ...

29.03.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

29.03.2024
Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ժամանակացույց
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան - 08.04.2024 - 14:00-16:00, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան - 19.04.2024 - 14:00-16:00: 1. Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով - 02.04.2024 - 15:00-17:00, 2. Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով - 03.04.2024 -10:0...

29.03.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի անցկացման ժամանակացույց
Մարտի 29-ին՝ ժամը 13:00-ին, 214 սրահում տեղի կունենա Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը: Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի ապրիլի 1-ին՝ ժամը 15:00-ին, 214 դահլիճում: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի...