Տպել
06.09.2021
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Վիեննա
1 / 1

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 6-9-ը աշխատանքային եռօրյա այցով մասնակցելու է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայանալիք Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովին եւ Ահաբեկչության դեմ պայքարի առաջին գլոբալ խորհրդարանական գագաթնաժողովին:

Համաժողովի աշխատանքները պաշտոնապես մեկնարկելու են  սեպտեմբերի 7-ին՝ պանելային քննարկումների ձեւաչափով եւ հագեցած օրակարգով:

Քննարկվելիք հիմնական թեմաները ծավալվելու են տարբեր երկրների խորհրդարաններին ներհատուկ հիմնախնդիրների եւ ընդհանրական բնույթի հարցերի շուրջ: Համաժողովում սահմանված օրակարգի առաջնահերթությունների առանցքում մարդու իրավունքների պաշտպանությանն ու դրանց լիարժեք իրացմանն առնչվող հարցերի վերհանումն է: Այս համատեքստում անդրադարձ է կատարվելու «Կայուն զարգացման հասնելը պահանջում է ավելի շատ ուշադրություն դարձնել մարդու բարեկեցությանը եւ շրջակա  միջավայրի պահպանությանը, քան՝ տնտեսական զարգացմանը», «Կանանց եւ աղջիկների նկատմամբ խտրականություն սահմանող օրենքների չեղարկումը գենդերային հավասարության հասնելու միակ ճանապարհն է» խորագրերով թեմաներին:

Գործընկերներն անդրադառնալու են «Խորհրդարանի բաց լինելը թափանցիկություն ու հասանելիություն ընդդեմ անվտանգության. ինչպես հասնել հավասարակշռության» ընդհանրական  խորագիր կրող հարցերին՝ լավագույն  փորձի վերհանման նպատակով:

Համաժողովի օրակարգում է նաեւ հակահամաճարակային  միասնական մարտահրավերների հաղթահարմանն առնչվող միջխորհրդարանական փորձի փոխանակումը: Նախատեսված է քննարկել  «COVID-19 համավարակին գլոբալ արձագանքը մարտահրավեր է նետում մարդկանց համար ցանկալի արդյունքի հասնելուն՝ բազմակողմանի հարաբերությունների կարողությունը»,  «Ժողովրդավարության վրա COVID-19 համավարակի ազդեցության մեղմացումը» վերտառությամբ հարցեր: Օրակարգում ընդգրկված է նաեւ Միջխորհրդարանական միության եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հարակից միջոցառումը:

Գագաթնաժողովին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդես կգա «Խորհրդարանները եւ գլոբալ կառավարումը. անավարտ օրակարգ» ելույթով:

Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի կազմակերպիչներն են Միջխորհրդարանական միությունը, Միացյալ ազգերի կազմակերպությունը, Ավստրիայի խորհրդարանը:

Տեղեկացնենք, որ Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի առաջին փուլի հանդիպումն իրականացվել է 2020 թվականին՝ առցանց եղանակով:

Առաջին փուլում ընդունվել է «Խորհրդարանների կառավարող դերն առավել արդյունավետ բազմալատերալիզմ ապահովելու գործում՝ մարդկանց եւ մոլորակի խաղաղությունն ու կայուն զարգացումն իրականացնելու նպատակով» վերտառությամբ  հռչակագիր:


24.04.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ, Սիրելի՛ ժողովուրդ, Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը: 109 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից իրականացվեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների՝ կրելով անմարդկային տառապանքներ եւ անդ...

24.04.2024
Հարգանքի տուրք` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները եւ պաշտոնատար այլ անձինք ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության...