Տպել
31.08.2021
Էդուարդ Աղաջանյանը հանդիպեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի հետ
1 / 6

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն օգոստոսի 31-ին հանդիպեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի եւ հաղորդակցման ու կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ:

Հանդիպմանը քննարկվեցին Արցախյան հակամարտության կարգավորմանը, հայկական կողմի գերիների վերադարձին ու անհետ կորածներին առնչվող հարցեր: Կարեւորվեց անհետ կորած անձանց իրավական պաշտպանությանն ուղղված քայլերի իրականացումը:

Էդուարդ Աղաջանյանը կարեւորեց ԼՂ հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծումը՝ նշելով, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության: Հանձնաժողովի նախագահը հյուրին մանրամասն ներկայացրեց Կառավարության հնգամյա ծրագրով նախանշվող քայլերը:

Թիերի Ռիբոն ներկայացրեց հետպատերազմյան շրջանում ԿԽՄԿ-ի իրականացրած գործունեությունը՝ շեշտելով կազմակերպության համակարգված աշխատանքը տարածաշրջանում  Երեւանի, Բաքվի եւ Լեռնային Ղարաբաղի գրասենյակների միջեւ: Նա հավաստիացրեց, որ ԿԽՄԿ-ն առավելագույն ջանքեր է գործադրում գերեվարված անձանց պահման պայմանների եւ նրանց հանդեպ վերաբերմունքի վերահսկման ուղղությամբ: Կառույցի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են հայ գերեվարվածներին եւ օգնում նրանց պահպանել կապն ընտանիքների հետ: Նշվեց, որ ԿԽՄԿ-ն շարունակելու է իրականացնել իր մարդասիրական առաքելությունը որպես չեզոք միջնորդ մի շարք հարցերով՝ ներառյալ աջակցությունը սահմանամերձ բնակչությանն ու անհետ կորածների եւ նրանց ընտանիքների խնդիրները: