Տպել
05.08.2021
Իշխան Սաղաթելյանը չընտրվեց ԱԺ նախագահի տեղակալ
1 / 27

Ազգային ժողովը օգոստոսի 5-ին շարունակեց  ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը: Հիշեցնենք, որ նախորդ օրը ընդդիմության կողմից ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել էր «Հայաստան»  խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը: Նրա  առաջադրման կապակցությամբ իրենց տեսակետները հայտնեցին ԱԺ խմբակցությունները:

«Հայաստան»  խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ընդգծեց,  որ Իշխան Սաղաթելյանն այդ պաշտոնում ընտրվելու դեպքում պատշաճ  կկատարի իր պարտականությունները՝ համապատասխան «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանն էլ հայտնեց, որ կառավարող խմբակցությունը մասնակցելու է ԱԺ նախագահի տեղակալի ընտրության քվեարկությանը՝ ապահովելով անհրաժեշտ ձայների նվազագույն քանակը, որպեսզի չխաթարվեն ԱԺ աշխատանքները: 
Իշխան Սաղաթելյանը  եզրափակիչ ելույթում անդրադարձավ գործընկերների ելույթներին, տվեց  պարզաբանումներ:

Քվեարկությունից հետո ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն: ԱԺ 107 պատգամավորներից ընտրությանը մասնակցել է 104-ը, անվավեր է համարվել 1 քվեաթերթիկ: Սաղաթելյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 53 պատգամավոր, դեմ՝ 50-ը:  Այսպիսով, Իշխան Սաղաթելյանը չընտրվեց  ԱԺ նախագահի տեղակալ:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պարզաբանեց, որ օրենսդրության համաձայն՝ այս դեպքում ընդդիմությունը կրկին պետք է  թեկնածու առաջադրի: