Տպել
03.08.2021
Խորհրդարանը քննարկեց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալների ընտրության հարցը
1 / 28

Օգոստոսի 3-ի նիստում խորհրդարանը շարունակեց աշխատանքները:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ երեկ ՀՀ ԱԺ նախագահի ընտրությունը տեղի է ունեցել առանց երկու թեկնածուների մասնակցության, ուստի իրենք այդ ընտրությունը համարում են ապօրինի եւ դիմելու են ՍԴ՝ ընտրական գործընթացը հակասահմանադրական ճանաչելու պահանջով: ՍԴ-ում վիճարկվելու է  նաեւ պատգամավորների անձեռնմխելիության առկայության պայմաններում նրանց ապօրինի ազատությունից զրկելու փաստը հաստատելու հարցը:

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանը, վերահաստատելով, որ երեկվա ընտրությունների գործընթացը տեղի է ունեցել Սահմանադրության դրույթների խախտմամբ, տեղեկացրեց, որ իրենք եւս հարցը վիճարկելու են Սահմանադրական դատարանում:

Այնուհետեւ պատգամավորները քննարկեցին օրակարգային հաջորդ՝ խորհրդարանի նախագահի երեք տեղակալների ընտրությունների հարցը:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ԱԺ նախագահի տեղակալների պաշտոններում առաջադրեց Ռուբեն Ռուբինյանի եւ Հակոբ Արշակյանի թեկնածությունները:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրեց Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրեց Ռուբեն Ռուբինյանի կենսագրությունը եւ գործունեությունը:

Ելույթում Ռուբեն Ռուբինյանը, շնորհակալություն հայտնելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն իր թեկնածությունը առաջադրելու համար, նշեց, որ մեծագույն պատիվ է եւ պատասխանատվություն առաջին հերթին վստահության մանդատ շնորհած ժողովրդի առջեւ: Նա շնորհավորեց «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցություններին՝ խորհրդարանում ներկայություն ստանալու առիթով: «Ես հպարտ եմ, որ թավշյա հեղափոխությունը եւ դրան հաջորդած արդեն երկրորդ ազատ ու արդար համապետական ընտրությունները հնարավորություն են տվել ինչպես իշխանությանը, այնպես էլ ընդդիմությանը ծավալելու իրապես քաղաքական, քաղաքակիրթ, հանդուրժող քաղաքական բանավեճեր»:

Բանախոսն առաջարկեց հնարավորինս հանդուրժողական մթնոլորտում վերլուծել եւ հասկանալ վերջին 30 տարիների սխալները, ծավալել երկրի ապագային վերաբերող ծրագրային քննարկումներ եւ բոլորին ցույց տալ, որ հայ ժողովուրդը չի հանձնվել, չի կոտրվել, պաշտպանելու է իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ քաղաքական, դիվանագիտական ճանապարհով:

Նա հայտարարեց, որ ավարտված է քաղաքական ճգնաժամը եւ առաջարկեց տրված մանդատի շրջանակում միասին փորձել իրականացնել ժողովրդի կամքը: Ռուբեն Ռուբինյանը նշեց՝ ջանք չի խնայելու, որ խորհրդարանի ամբիոնը դառնա բարձրորակ քաղաքական սուր, բայց միաժամանակ հանդուրժող խոսքի կենտրոն:

Թեկնածուն պատասխանեց նաեւ պատգամավորների հարցերին:


24.04.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ, Սիրելի՛ ժողովուրդ, Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը: 109 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից իրականացվեց 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների՝ կրելով անմարդկային տառապանքներ եւ անդ...

24.04.2024
Հարգանքի տուրք` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները եւ պաշտոնատար այլ անձինք ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության...