Տպել
30.07.2021
ԱԺ պատգամավորների ելույթները՝ Քրեական օրենսգրքում լրացում նախատեսող փաթեթի վերաբերյալ
1 / 6

Խորհրդարանը հուլիսի 30-ի արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ քննարկեց ««ՀՀ քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին», ««ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: ԱԺ պատգամավորները ելույթներ ունեցան օրենսդրական փաթեթի վերաբերյալ:





Նիկոլայ Բաղդասարյան.
«Բազմաթիվ անգամներ ասել եմ, որ կողմ եմ վիրավորանքը քրեականացնելուն որոշակի սուբյեկտների նկատմամբ, որոնք թիրախավորվել են ոչ պարկեշտ անձնավորությունների կողմից, բայց օրենսդրական փաթեթում եղած ձեւակերպումներն այդ նպատակին չեն հասնում: Անհասկանալի է, թե ինչու՞ երբ նույն վիրավորանքը հնչեցվում է Մարդու իրավունքների պաշտպանի կամ դատավորի հասցեին, Քրեական օրենսգրքում պահպանում ենք, իսկ պատգամավորներին կամ Կառավարության անդամին՝ ոչ»:

Գեւորգ Պապոյան. «Մենք խոսում ենք, ըստ էության, ոչ թե վիրավորանքի, այլ հայհոյանքի քրեականացման մասին: Կարծում եմ՝ սրանք բավականին տարբեր իրողություններ են: Հայոյանքը խոսքի ազատության հետ երբեւէ պետք չէ շփոթել: Հետեւաբար, ես ամբողջովին կողմ եմ նախագծին»:




Սերգեյ Բագրատյան. «Ես կարծում եմ, որ պետք է տուգանքի չափը մեծ լինի, որ մարդը չկարողանա վճարել այդ գումարը ու նույնիսկ չփորձի այդ մասին մտածել: Այո, պետք է զսպել ավելորդ եւ անպարկեշտ արտահայտությունները»:





Սոֆիա Հովսեփյան.
«Հասարակության որոշ արտահայտություններ մշտապես լինելու են, այս օրենքը չի կարող զսպել: Հայհոյանքը, որ նախատեսվում է Քրեական օրենսգրքով, չի լինելու: Կրթության միջոցով պետք է փոխենք, սերունդներին պետք է սովորեցնենք, որ հայհոյանքով խոսելը էթիկայի որեւէ նորմի մեջ չի մտնում»:




Վլադիմիր Վարդանյան.
«Հայհոյանքը Հայաստանում միշտ պատժվել է: Եթե նախկինում հայհոյում էին դեմ դիմաց եւ դա պատժվում էր, ապա սոցիալական մեդիայի տիրույթում այն դարձավ հեռավար, համատարած, կեղծ էջերի միջոցով միջնորդավորված փոխանցվող: Պետք է հասկանալ՝ ուզում ենք վերջ դնել այս իրավիճակին, թե ոչ»: