Տպել
30.07.2021
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ուսման վճարի փոխհատուցումից օգտվողների վերաբերյալ օրենդրական փաթեթին
1 / 6

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ հուլիսի 30-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց նույն օրն ԱԺ արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ ընդունված «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթը: Անհրաժեշտությունը, ըստ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի, բխում է կրթության բնագավառում պետական քաղաքականության նպատակներից:

Առաջարկվում է բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին եւ դրանցում սովորողներին ֆինանսական աջակցություն ապահովել, ինչպես նաեւ նախատեսվում է սովորողների այլ առանձին խմբերի ներառել պետության կողմից ուսման վարձի փոխհատուցում ստացող խմբերի շարքում:

Առաջին ընթերցումից հետո առաջարկություններ չէին ներկայացվել:

Մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանն ու մտքերի փոխանակությանը մասնակցած պատգամավորները կարեւորեցին օրենսդրական նախաձեռնության ընդունումը: Ընդգծվեց, որ Կառավարությունն է տրամադրելու անհրաժեշտ ֆինանսական աջակցությունը:

Քննարկման արդյունքում օրենսդրական փաթեթը ստացավ դրական եզրակացություն: