Հուլիսի 30-ին հրավիրած արտահերթ նստաշրջանի ընթացքում Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը խորհրդարանին երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց ««Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Ներկայում օրենքով կանոնակարգված չէ Հայաստանի պետական սահմանի սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի եւ անօդաչու թռչող սարքերի օգտագործումը, ինչը կարող է խիստ բացասական անդրադառնալ երկրի պետական սահմանի պաշտպանության վրա: Ուստի, սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի օգտագործման համար որոշակի սահմանափակումներ կիրառելու անհրաժեշտություն կա:
Օրենսդրական նախաձեռնության ընդունմամբ կկանոնակարգվի նման սարքերի օգտագործումը Հայաստանի պետական սահմանի սահմանային շերտում:
Ստեփան Մելքոնյանի ներկայացմամբ՝ առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածից հանվել է «կամ գրանցվելու» բառերը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Պետական սահմանի մասին» օրենքում» եւ ոլորտին առնչվող այլ իրավական ակտերում սահմանային շերտում գրանցվելու պահանջ նախատեսված չէ:
Գլխադասային՝ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական կարծիքը ներկայացրեց Արմեն Խաչատրյանը:
Խորհրդարանն ընդունեց օրենսդրական փաթեթը: