Նախաձեռնության ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ԵՄ եւ ատոմային էներգետիկայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջեւ կնքված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի միջոցառումների կատարմամբ: Օրենսդրական փոփոխությամբ նախատեսվում է սահմանել վարորդների հանգստի եւ աշխատանքի ժամանակահատվածները, թվային տախոգրաֆի համակարգը կիրառել ընդհանուր օգտագործման ուղեւորափոխադրումներ եւ բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը նշեց, որ առաջին ընթերցումից հետո կառավարությունը որոշակի փոփոխություններ է առաջարկել, որոնք ընդունվել են ԱԺ գլխադասային հանձնաժողովի կողմից: Տախոգրաֆի կիրառման բացառությունները սահմանող դրույթներում «զինված ծառայությունների» բառերը փոխարինվում են «պաշտպանության, արտակարգ իրավիճակների, ոստիկանության, ԱԱԾ մարմինների կողմից կամ նրանց պատկանող տրանսպորտային միջոցների» բառերով: Սահմանվել են տեսչական վերահսկողության իրականացման պահանջները:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Ցիրունյանը խորհրդարանին փոխանցեց հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Օրենսդրական փաթեթը քվեարկության արդյունքում ընդունվեց: